Մատչելիության հղումներ

Բացահայտվել է դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ մեծ գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը Հայաստանի դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել միջամտել գործի քննությանը և դատավորի միջոցով ամբաստանյալ Ա.Ծ.-ի համար ապահովել բարենպաստ դատական ակտի կայացում: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Գ.Ա.-ն հավաստիացրել է, թե իբր 8 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց ցանկալի արդյունք ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ: Այնուհետև, Գ.Մ.-ի և վերջինիս ծառայակից Կ.Հ.-ի միջոցով ամբաստանյալի ազգականներից Գ.Ա.-ն ստացել է 8 հազար ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ-ի, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և նա կալանավորվել է, իսկ Գ.Մ.-ին և Կ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության փորձի համար (Քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG