Մատչելիության հղումներ

ՌԴ ՍԴ-ը կառավարությանը թույլ տվեց չվճարել ՄԻԵԴ սահմանած 1․8 մլրդ եվրոն ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին


Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկին, արխիվ

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել երկրի կառավարությանը չվճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ սահմանված 1.8 միլիարդ եվրոն ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատերերին։ Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը հակասում է Ռուսաստանի Սահմանադրության նորմերին։

Ընդ որում, Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը ասում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ խոսքը կոնկրետ ՅՈւԿՕՍ-ին վերաբերող այս որոշման մասին է միայն: Զորկինի որակմամբ՝ ՅՈւԿՕՍ ընկերության մեքենայությունները աննախադեպ էին։

Սահմանադրական դատարանի որոշմանն այսօր անդրադարձել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Սա դատական հարց է, այդ պատճառով մենք չէինք ցանկանա մեկնաբանել։ Իհարկե, Ռուսաստանը պաշտպանել և իրավական առումով շարունակելու է պաշտպանել իր շահերը», - ասել է նա: Պեսկովն ընդգծել է, որ նույն Եվրոպական դատարանի որոշմամբ՝ ՅՈւԿՕՍ-ի դեմ դատական գործընթացը Ռուսաստանում քաղաքական աստառ չուներ, և որ ընկերության սեփականատերերը իսկապես հարկերի հետ կապված խախտումներ են արել։

Հիշեցնենք՝ 2014 թվականի հուլիսին Եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն, Ռուսաստանի իշխանությունները խախտել են երկրի երբեմնի ամենահարուստ ընկերության՝ ՅՈւԿՕՍ-ի սեփականատերերի իրավունքները, քանի որ 2004-ին նրանց ներկայացրել են 2001-ին հարկերը չվճարելու մեղադրանքներ՝ խախտելով օրենքով նախատեսված եռամյա ժամկետը։ ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ դատական գործընթացի հետևանքով ընկերությունը սնանկացել է, և ընկերության ակտիվները անցել են «Ռոսնեֆտ»-ին։

1.8 միլիարդ եվրո վճարելու մասին Եվրոպական դատարանի որոշումն աննախադեպ էր։ ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատերերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին դիմել դեռևս 2004-ին, սակայն դատական գործընթացը սկսվել էր միայն 2009-ին և տևել շուրջ 5 տարի։ Ընդ որում, ընկերության նախկին սեփականատերերը Ռուսաստանի գործողությունները ոչ լեգիտիմ ճանաչելու և իրենց շուրջ 100 միլիարդ եվրոյի վնասը փոխհատուցելու հայցով էին դիմել դատարան։

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ճանաչել է հավասարության և արդարության սկզբունքներին հակասող։ Դեռևս 2015-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին չկատարել միջազգային դատարանների որոշումները։

Ստրասբուրգն արդեն արձագանքել է։ «Ռուսաստանի որոշումը տարակուսանք է առաջացնում։ Եվրոպայի խորհրդի անդամները պարտավոր են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Այս կապակցությամբ մենք կուսումնասիրենք Ռուսաստանի Սահմանադրական դատարանի որոշումը և ընդարձակ մեկնաբանությամբ հանդես կգանք», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը։

Հավելենք նաև, որ ավելի վաղ ՄԻԵԴ-ը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի արդարադատության նախարարության ներկայացրած՝ վճիռը վերանայելու մասին հայցը։

Հիշեցնենք՝ նույն 2014 թվականին նաև Հաագայի իրավարար դատարանն էր որոշել, որ ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթարդյունաբերական ընկերության նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ուներ, և պարտավորեցրել էր Ռուսաստանին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետերերին:

«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավարը, որին անցել են ՅՈւԿՕՍ-ի ակտիվները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ Իգոր Սեչինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG