Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» պատրաստ է ընտրություններին մասնակցել Ծառուկյան, Օհանյան, Օսկանյան դաշինքով


Եթե ձևավորվի Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան և Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք, ապա այդ միավորումը իրական իշխանափոխության հայտ կներկայացնի, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու նպատակով բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ, ու չնայած նման քննարկումներ ընթանում էին նաև Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ, «Ժառանգությունն» այդպես էլ չհայտնվեց «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություն դաշինքում: Պատճառը լայն կոնսոլիդացիայի բացակայությունն էր, բայց ինչպես այսօր մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու շուրջ աշխատանքները դեռևս շարունակվում են:

«Ազատություն»․ - Պարոն Մարտիրոսյան, ջանքեր գործադրում եք, դաշինքը ստեղծվում է, բայց Դուք չկաք դրանում: Սա ի՞նչ է նշանակում:

Մարտիրոսյան․ - Եթե նկատի ունեք, որ հնարավոր է, որ պարոն Օսկանյանը մեր այլ գործընկերների հետ՝ երեքով, իշխանափոխության պրոցես կարող են իրականացնել,ասենք՝ պատկերացրեք «Ժառանգությունն» էլ այդտեղ է, կարո՞ղ է դա իշխանափոխության պրոցեսի բերել՝ իհարկե ոչ: «Ժառանգությունը» մասնակցելու է այն բանաձևին, որը իշխանափոխության, փոփոխությունների, գոնե պայքարելու նվազագույն շեմ կապահովի:

«Ազատություն»․ - Եթե երեքը, չորսը լայն չէ և իշխանափոխության չեք կարող հասնել, այսինքն՝ Հանրապետականին լուրջ մրցակից չեք կարող դառնալ, այդ դեպքում ո՞րն է, Ձեր պատկերացմամբ, լայն դաշինքը:

Մարտիրոսյան․ - Ավելի լայնը: Խոսքը այն մասին է, որ դա դառնա ուժային կենտրոն:

«Ազատություն»․ - Եթե Գագիկ Ծառուկյան դաշինքը միավորվի Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան միավորման հետ, այդ դեպքում ռեալ հնարավորություն կստեղծվի՞ Հանրապետականին պարտության մատնելու:

Մարտիրոսյան․ - Ես կարծում եմ՝ այո:

«Ազատություն»․ - Եվ Դուք նաև կլինեք այդ մեծ դաշինքում:

Մարտիրոսյան․ - Եթե լինի Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան դաշինք, ես կարծում եմ իշխանափոխության գործընթացը շատ ակնհայտ կլինի:

«Ազատություն»․ - Դուք տեսնո՞ւմ եք նման միավորման հնարավորություն:

Մարտիրոսյան․ - Մենք հուսով ենք, որ նմանատիպ իրավիճակ կստեղծվի, և «Ժառանգությունը» պայքարում է, որպեսզի այդ լայն դաշինքը լինի: Իհարկե, դժվար ծրագիր է և ոմանք կարող են ասել՝ դա անիրական է, բայց ես այլ ճանապարհ չեմ տեսնում Հայաստանի համար, որովհետև եթե իշխանությունը վերարտադրվում է, ես պատկերացնում եմ, թե Հայաստանից որքան արտագաղթ կլինի: Իսկ այդ վերջին արտագաղթի ալիքը ընդհանրապես Հայաստան պետությունը կզրոյացնի:

Ինչ վերաբերում է առանձին «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցությանն ու այդ դաշինքով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե այդպիսի որոշում դեռևս չունեն, բայց դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշումը, և նրա հետ համագործակցության համար որևէ խոչընդոտ չի տեսնում:

«Երբ որ հանդիպենք, երբ որ պարոն Հովհաննիսյանը հանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ, եթե այդպիսի ցանկություն լինի պարոն Ծառուկյանի կողմից, այդ դեպքում իրենք հանգիստ կարող են քննարկել, կամ «Ժառանգության» ներկայացուցիչը», - նշեց նա:

«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն խանգարող հանգամանքներ չկա՞ն, որպեսզի Ծառուկյանի հետ համագործակցի «Ժառանգությունը», Մարտիրոսյանը պատասխնեց՝ «չկան»:

Նշենք, որ այսօր «Ժառանգությունը» վարչության նիստ է հրավիրել, սակայն, ինչպես ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը, ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվի, դեռևս շուտ է:

Ինչ վերաբերում է դաշինքով այլ ուժերի և մասնավորապես Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ ընտրություններին մասնակցելու շուրջ կուսակցությունում առկա հակասություններին, ապա Արմեն Մարտիրոսյանը նշում է, թե կան տարակարծություններ, որոնք կլուծվեն քվեարկությամբ: Նշենք, որ «Ժառանգության» առանցքային անդամ Զարուհի Փոստանջյանը դեմ է Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ համագործակցությանը, պնդելով, թե նրանք մեղավոր են «Մարտի 1»-ի համար: Ավելին, դաշինքով ընտրություններին մասնակցելու՝ Րաֆֆի Հովհանիսյանի հայտարարությունից հետո Փոստանջյանն ասել էր, թե դա Հովհաննիսյանի կարծիքն է և ոչ թե կուսակցության: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, հիշեցնում է կուսակցության կանոնադրությունը․ - «Կանոնադրության կետերից մեկը հստակ նշում է, որ կուսակցության անունից հանդես է գալիս կուսակցության վարչության նախագահը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG