Գյուլենը ներգրավված չէր Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձում: Այս մասին, ըստ գերմանական Die Presse պարբերականի, ասվում է Եվրամիության հետախուզական և իրավիճակային կենտրոնի գաղտնի փաստաթղթերից մեկում, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ։
Թերթը գրում է, որ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ հակասում է պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը։
Եվրոպացի փորձագետների կարծիքով՝ «շատ քիչ հավանական է, որ վտարանդի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը դեր ունենա Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մեջ»։
«Պաշտոնական Անկարայի առաջ քաշած վարկածի համաձայն, իսլամական քարոզիչ Գյուլենի զինվորական համակիրների կողմից երկրի օրինական իշխանությունը տապալելու փորձից հետո նախագահ Էրդողանը ստիպված եղավ գործել՝ նախաձեռնելով պետական կառույցներում զանգվածային պաշտոնանկություններ», - գրում է հոդվածի հեղինակ Միխեիլ Լաչինսկին՝ շարունակելով. - «Թուրքիայում ամիսներ շարունակվող վհուկների որսը ոչ այլ ինչ է, քան պատասխան` երկրում դեռևս արդիական իշխանության բռնի տապալման վտանգին, սա պնդում են իշխանությունները»։
Ըստ թերթի, Եվրամիության հետախուզական կենտրոնի փորձագետները, վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները, հեղաշրջումից մի քանի ամիս անց եկել են այն եզրահանգման, որ այդ զինված իրադարձությունները կազմակերպվել են ոչ միայն գյուլենականների, այլ նաև քեմալականների և իշխող կուսակցության այլ հակառակորդների մասնակցությամբ։
Եվրոպացի փորձագետների գնահատմամբ, հեղաշրջման նպատակը ոչ այնքան փոփոխությունների հասնելն էր, որքան բանտում հայտնվելու վախը։
«Որոշ տվյալներով՝ Թուրքիայի հետախուզական ազգային կազմակերպությունը պլանավորում էր օգոստոսին լայնածավալ զտումներ իրականացրել, առաջին ձերբակալությունները պետք է տեղի ունենային հուլիսին», - նշում է Die Presse-ը՝ շարունակելով. - «Եթե վերլուծաբանների եզրակացությունները ճիշտ են, ապա հեղաշրջումը դարձել է հրամանատարական կազմի խուճապահար արձագանքը՝ ցանկանալով կանխել սեփական ձերբակալությունը»։
Թերթը հիշեցնում է նաև, որ Եվրամիության հետախուզական ծառայությունը դեռևս անցած ամռան վերջին զգուշացնում էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը հրաշալի առիթ է համախմբման և նախագահական լիազորությունների ընդլայնման, ինչպես նաև նախապես պլանավորված պաշտոնանկությունների համար։
Թուրքական հատուկ ծառայությունների կողմից փնտրվող անձանց ցուցակում ընդգրկված էին ոչ միայն գյուլենականների անուններ, այլ նաև իշխող կուսակցությանը քննադատող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
«Զտումների քողի տակ նախագահ Էրդողանը մտադիր է հասնել սահմանադրական փոփոխությունների, որոնք Թուրքիան կդարձնեն նախագահական հանրապետություն՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով», - ամփոփում է գերմանական Die Presse-ը։