Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կեղծ» է որակել տեղեկատվությունը, թե իբր ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող նյութեր ունեն: Նա հավելել է, թե նման նյութերի պատվիրատուները «մարմնավաճառներից վատն են»:
Երեքշաբթի օրը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ունեցած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվում է «ներքաղաքական սուր պայքարը, որը ուղղված է ընտրյալ նախագահի լեգիտիմիության պառակտմանը»:
«Այնպիսի տպավորություն է, որ նրանք, մարզվելով Կիևում, պատրաստ են իրենց մոտ Վաշինգտոնում Մայդան կազմակերպել, միայն թե հնարավորություն չտան Թրամփին ստանձնել պաշտոնը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը՝ առանց հստակեցնելու, թե ում կոնկրետ նկատի ունի: