Մատչելիության հղումներ

Թրամփի հայտարարությունները Լավրովին «հույս են ներշնչել», որ ԱՄՆ-ն նրա օրոք երկակի ստանդարտներ չի կիրառի


Սերգեյ Լավրովը մամլո ասուլիս է տալիս, Մոսկվա, 17-ը հունվարի, 2017 թ․
Սերգեյ Լավրովը մամլո ասուլիս է տալիս, Մոսկվա, 17-ը հունվարի, 2017 թ․

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այսօրվա մամլո ասուլիսի հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն էին ու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ հնարավոր համագործակցությունը։

Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա հարաբերություններ կարառուցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: «Ռուսաստանն առանց մտավախության, բայց և՝ առանց խանդավառության է սպասում Թրամփի պաշտոնավարմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, այդուհանդերձ, հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Բարակ Օբամայի օրոք է։ Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է՝ Դոնալդ Թրամփը նման չէ ԱՄՆ-ի նախագահներից և ոչ մեկին։

Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը ողջունում է այն, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն ահաբեկչության դեմ պայքարն է լինելու: Թրամփի հայտարարությունները Լավրովին «հույս են ներշնչել», որ այդ պայքարում Միացյալ Նահանգները չի առաջնորդվի «երկակի ստանդարտներով»:

Անդրադառնալով Սիրիայի հարցում ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համագործակցությանը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահի թիմը կընդունի Աստանայում կայանալիք հավաքին մասնակցելու հրավերը, և «դա կլինի առաջին շփումը ԱՄՆ-ի նոր նախագահի թիմի և Մոսկվայի միջև»:

Սերգեյ Լավրովն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև վերջին օրերին մամուլում և սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձած, այսպես կոչված՝ հետախուզական սկանդալներին։ Նա այս առնչությամբ, մասնավորապես, ասել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ավելի ակտիվորեն են աշխատաում ռուս դիվանագետների հետ:

ՌԴ ԱԳ նախարարի հաղորդմամբ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ն անգամ 10 հազար դոլար են թողել մի ռուս դիվանագետի ավտոմեքենայում՝ համագործակցության առաջարկով: Մինչդեռ, Ռուսաստանի համանման ծառայությունները, Լավրովի հավաստմամբ, ամերիկացի դիվանագետներին չեն հետևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG