Մատչելիության հղումներ

Համայնքների խոշորացումից հետո Դիլիջանի ու հարակից հինգ գյուղերի հետ միավորված Հովք գյուղում խնդիրները չեն պակասել։ Գյուղացիներն ասում են, որ միավորումից մեկ տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել՝ գազի խողովակները կան, սակայն տուն հասցնելու հնարավորություն չկա, շենքը կա, սակայն մանկապարտեզ չկա։

«Ամեն ինչը խնդիր ա․ աշխատատեղ չկա, տրանսպորտ չկա: Գնացեք էն խանութը ասեք մի հատ նիսյաների ցուցակը տա․ ասեք մի հատ ընտանիք, որ նիսյայի ցուցակ չունի», - ասաց միջին տարիքի մի հովքեցի:

«Համայնքը իրանց համար խոշորացված կըլնի, մեր համար հնարավոր չի․․․ Էս երկիրը դզվելո՞ւ, թե՞ չի դզվելու», - ասացի գյուղի բնակիչներից մի տղամարդ:

Անցած տարվա փետրվարին միավորված համայնքի ղեկավար դարձավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Սանթրոսյանը։ Գյուղացիներն ասում են, որ նրան այդ օրերին միայն մեկ անգամ են տեսել։

Նրանք վստահ են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ պաշտոնյաները գյուղ կգան ու նոր խոստումներ կտան․ - «Ո՞ւմ հավատանք․․․ Ես ինձ եմ հավատում մենակ: Հինգ-տասը մանեթ կբերեն, կֆռռցնեն ժողովրդին, կխաբեն, ու էլի նույն բանը, նույն բանը: Նույն ջուրը, նույն ջրաղացը»:

Դիլիջանի թաղամաս համարվող Հովքի բնակիչները խնդիրները լուծելու համար, սակայն, ավելի հաճախ Իջևան են գնում։ Այստեղ էլ փորձում են ստացած բերքն իրացնել։ Բայց ճանապարհները քարուքանդ են, հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Մայրուղի հասնելու համար 4 կիլոմետրը ոտքով անցնում։

Նախկինում Հովքում ադրբեջանցիներ են բնակվել։ Ղարաբաղյան հակամարտությունից հետո գյուղը Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից գաղթած հայերով է բնակեցվել։ Հիմնականում եկել են Գետաշենից, Շամխորի գյուղերից, Մարտունաշենից։ Հովքը այդ պատճառով հաճախ փախստականների գյուղ են անվանում։

Արթուրն այստեղ է ծնվել ու մեծացել, գյուղն էլ շատ է սիրում, բայց դպրոցն ավարտելուց հետո որոշել է ինքն էլ մեծերի օրինակով արտագնա աշխատանքի մեկնել։

2016-ին 140 համայնքի միավորմամբ արդեն իսկ ձևավորվել է 18 խոշորացված համայնք։ Այս տարի կառավարության ծրագրով նախատեսվում է ևս 250 համայնք միավորել ու 20 խոշորացված համայնք ունենալ։

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասել էր, թե միավորման ծրագրից գյուղացիների դժգոհությունն անտեղյակությունից է գալիս։ Նրա խոսքով՝ այս համայնքները զարգացնելու համար դոնոր կազմակերպություններն ավելի քան 11 միլիոն դոլար են տրամադրել, որից 1.7 միլիոն դոլարը ծախսվելու է Դիլիջան համայնքի խնդիրների լուծման համար։

Դավիթ Լոքյանը խոստացավ, որ այս գումարով նաև մեծ ավտոբուսներ կգնվեն ու համայնքի կենտրոն Դիլիջանի հետ կապը կակտիվանա։

XS
SM
MD
LG