Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահական ընտանիքը հայտնվել է սկանդալի կենտրոնում


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, արխիվ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, արխիվ:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են երկրի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եղբոր ձերբակալության մասին:

Միխայիլ Մգալոբաշվիլին, ըստ հաղորդումների, մեղադրվում է զենքի անօրինական ձեռք բերման, պահելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 6 տարվա ազատազրկում:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Մգալոբաշվիլիի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Մինչ նախագահական ընտանիքը լռում է՝ խուսափելով թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, լրատվամիջոցները հիշեցնում են, որ առաջին տիկնոջ եղբոր անունը առաջին անգամ չէ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Միխայիլ Մգալոբաշվիլին նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտվել: Վերջին անգամ նա 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության խմբակային փորձի համար, սակայն 2015-ին նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել՝ բանտում մնալով ընդամենը 3 տարի:

Նախագահի այդ որոշումը հարուցել էր ընդդիմախոսների զայրույթը, ովքեր պահանջում էին հետաքննել համաներում շնորհելու հիմքերը: Սակայն կրքերը շուտով հանդարտվեցին, և պատմությունը մոռացվեց:

Քրեական անցյալ ունեցող Մգալոբաշվիլին այժմ հայտարարում է, թե իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ: «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում նրա պաշտպանը՝ Զազա Միկատաձեն փոխանցել է, որ խոսքը ընդամենը երկու զենքի մասին է, որոնք կրակելու համար պիտանի չեն․ - «Դրանք ընդամենը էսքիզներ են, մետաղյա մասնիկներ. Իմ պաշտպանյալի խոսքերով, դրանք պիտանի չեն կրակելու համար և տեսքից էլ հասկացվում է»:

Վրաստանի նախագահի ընտանիքի անվան հետ կապվող այս պատմությունը հաջորդում է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց պատմության: Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին կրկին զինված միջադեպի կենտրոնում էր. Գոգոչուրին, ով առաջին տիկնոջ դստեր ամուսինն է, ըստ վրացական մամուլի հրապարակումների, Թբիլիսիի կենտրոնում մասնակցել է վիճաբանության, որն ավարտվել է փոխհրաձգությամբ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Գոգոչուրիի անունը վրաց հանրությանը քաջ հայտնի է: Անցյալ ամառ վրացական ոստիկանությունը նրա բնակարանում և մեքենայի մեջ զենք էր փնտրում: Գոգոչուրին հայտարարում էր, թե ոստիկանները խուզարկությունն իրականացրել են կոպիտ խախտումներով, մասնավորապես՝ ոչ կոռեկտ վերաբերմունք ցուցաբերել: «Օրենքի անտեսումը հիմք է տալիս ենթադրելու, որ դա կատարվել է հատուկ նպատակով», - պնդում էր Մարգվելաշվիլիի փեսան:

Այն ժամանակ չուշացավ նաև նախագահի պատասխանը, ով հատուկ հայտարարությամբ պնդեց, թե իր ազգականների վրա ճնշում են գործադրում՝ իրեն շանտաժի ենթարկելու և քաղաքական ճնշում գործադրելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG