Մատչելիության հղումներ

ԵՊՀ ուսանողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ ուսանողի, վերջինս կալանավորված է


Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի պետհամալսարանի (ԵՊՀ) 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռաֆֆի Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված 1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի («սպանություն») և 112-րդ հոդվածի 1-ին մասի («դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») հատկանիշներով:

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տեղի ունեցած հանցագործությունը. փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որի ժամանակ Վ.Մուրադյանին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ Ռ.Մարտիրոսյանին` ծանր մարմնական վնաս, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով է հարվածներ հասցրել Մուրադյանին և Մարտիրոսյանին:

Նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

«Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել հնչեցված մի արտահայտություն, որի շուրջ պարզաբանումներ տալու համար տուժողները հրավիրվել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավար։ Նախատեսված վայրում կողմերը հանդիպման են գնացել ընկերների հետ միասին, որտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Վ.Մուրադյանը և Ռ.Մարտիրոսյանն ստացել են կտրող-ծակող մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը դադարել է պատահական անցորդի միջամտության արդյունքում, ինչից հետո առերևույթ հանցագործություն կատարած անձն իր ընկերների հետ դիմել է փախուստի», - ավելի վաղ հաղորդել էր Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG