Մատչելիության հղումներ

Facebook-ը պայքարելու է կեղծ լուրերի դեմ


Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, պատերազմ է հայտարարում կեղծ տեղեկատվության տարածմանը:

Երեկ Facebook-ի լուրերի բաժնի գերմանական խումբը հայտնել է, որ սոցիալական ցանցը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին է ազդարարել կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին:

«Մենք առաջիկա շաբաթներին մեր քաղաքականության լրամշակումներն ուժի մեջ ենք դնելու՝ հաշվի առնելով Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները», - ասվում է Facebook-ի գերմանական «Նյուզրումի» հաղորդագրությունում:

Այս սոցիալական ցանցն ունի օգտատերերի հսկայական քանակ, անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներով՝ ակտիվ օգտատերերի միջին ամսական թիվը կազմել է 1 միլիարդ 790 միլիոն:

Սոցիալական ցանցերի աննախադեպ տարածումը սկսել է մեծ ազդեցություն գործել նաև քաղաքականության վրա: Փաստորեն, Facebook-ն ինքն է դառնում զանգվածային լրատվամիջոց՝ օգտատերերին ընձեռելով ոչ միայն լրատվություն տարածելու, այլև կոնկրետ հաղորդագրությունը քննարկելու, մեկնաբանելու և թեմայի վերաբերյալ հանրության շրջանում կարծիք ձևավորելու հնարավորություն:

Քննադատները, երևի թե, այդ սոցցանցի գոյության առաջին օրերից են բողոքում, որ մարդկանց շփման նպատակով ստեղծված ցանցը դառնում է ծայրահեղական հայացքներ տարածելու հարթակ:

Եվ դեռ այն ժամանակ փորձագետները նշել են մեկ այլ հանգամանք՝ Facebook-ով և սոցիալական այլ ցանցերով կարելի է հնչեցնել ոչ միայն ակնհայտ մարդատյաց կոչեր, որոնք հնարավոր է անմիջապես հեռացնել և պատժել տարածողին, այլև տարածել առաջին հայացքից որպես միանգամայն սովորական լուր ընկալվող հաղորդագրություն, որն իրականում կլինի հանրությանն ապակողմնորոշելու քաղաքական նպատակ հետապնդող սուտ:

Հատկապես անցյալ տարվա նոյեմբերին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո է այդ թեման Facebook-ի համար հրատապ դարձել:

Սոցցանցն իր աշխատաոճը խստացնում է գերմանական պոպուլիստական կուսակցությունների և օտար երկրների կողմից կեղծ լուրերի տարածումը կանխելու համար: Այդ նպատակով սոցցանցը գործադրելու է ուշագրավ մեխանիզմ՝ հնարավոր կեղծիք պարունակող հաղորդագրությունը կուղեկցվի հատուկ դրոշակով:

Facebook-ի մենեջեր Գուիդո Բյուլովի փոխանցմամբ, կոնկրետ լուրը չի հեռացվի էջից, քանի դեռ չի հակասում Facebook-ի օրենքին, այն կերևա էջում, մարդիկ կունենան այդ լուրը տարածելու հնարավորություն, պարզապես համապատասխան դրոշակը օգտատերերի համար կծառայի որպես նախազգուշացում լուրի կեղծ լինելու վտանգի մասին:

Facebook-ը գերմանական սեգմենտում կեղծիքների տարածումը կանխելու համար համագործակցելու է գերմանական Correctiv վերլուծական կենտրոնի հետ: Բացի այդ, սոցցանցը կեղծանունների տակ համացանցում գործող «սփամերներին» կզրկի հեղինակավոր լրատվամիջոցների կեղծ կայքէջեր ստեղծելու և դրանց միջոցով կեղծ լուրեր տարածելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG