Մատչելիության հղումներ

Թրամփի առաջադրած թեկնածուները Մոսկվայի հանդեպ կոշտ են տրամադրված


Բանվորները Լինքոլնի համալիրի մոտ նախապատրաստում են հարթակը ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալության համար, Վաշինգթոն, 12 հունվարի, 2017թ.
Բանվորները Լինքոլնի համալիրի մոտ նախապատրաստում են հարթակը ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալության համար, Վաշինգթոն, 12 հունվարի, 2017թ.

«Պուտինը փորձում է բաժանել ՆԱՏՕ-ն»

Ռուսաստանում որոշակի դժգոհություն են և հիասթափություն են հարուցել ոչ միայն Պետքարտուղարի, այլև Պաշտպանության նախարարի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոններում Ամերիկայի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած թեկնածուների մեկնաբանությունները, և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինին տրված գնահատականները:

«Կատաղած շուն» մականունով բանակում հայտնի դեսանտի գեներալ Ջեյմս Մաթիսը երեկ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում ասել է, որ Պուտինը փորձում է պառակտում մտցնել ՆԱՏՕ-ի երկրների միջև:

«Մենք գիտակցում ենք, որ նա փորձում է բաժանել Հյուսիսատլանտյան դաշինքը և դրան հակազդում ենք միացյալ քայլերով՝ տնտեսական ու ռազմական: Մեր դաշնակիցների հետ միասին ձեռնարկում ենք միջոցներ՝ անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար»,- ասել է Մաթիսը:

Պաշտպանության նախարարի թեկնածուն ասել է, որ միշտ կողմ լինելով ռուսների հետ առողջ և փոխշահավետ համագործակցությանը, հարկ է նաև գիտակցել, որ Ռուսաստանը շատ բնագավառներում Ամերիկայի հակառակորդն է:

«Պետք է հաշվի առնենք այն իրականությունը, որ հետզհետե նվազում են ռուսների հետ համագրծակցության ոլորտները և դրա փոխարեն աճում նրանց հետ առճակատումը», - ասել է Մաթիսը:

«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես ագրեսոր»

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի թեկնածու Մայք Փոմփեոն էլ է խոսել ռուսական գործոնի մասին:

«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես ագրեսոր ներխուժելով և գրավելով Ուկրաինան, սպառնալով Եվրոպային և ոչինչ չանելով «Իսլամական պետությանը» պարտության մատնելու համար», - ասել է Փոմփեոն:

Նա նշել, թե կասկած չունի, որ այս պահին Պուտինը շատ գոհ է Ամերիկայում հաքերային գրոհների շուրջ աղմուկից, և դա էլ հենց նպատակներից մեկն էր:

«Ուզում եմ, որ նրանք արտահայտեն ոչ թե իմ, այլ իրենց մտքերը»

Ամերիկացի փորձագետները նշում են, որ Թրամփը երկրի երեք առանցքային գերատեսչությունների՝ Պետական դեպարտամենտի, Պենտագոնի և Լենգլիի (ԿՀՎ-ի) ղեկավարումը վստահել է ռուսների հանդեպ բավական կոշտ կարծիքներ արտահայտող թեկնածուներին:

Մոսկվայում եթե ոչ Կրեմլը, ապա առնվազն օրենսդիրներից և վերլուծաբաններից շատերը հուսով էին, որ Թրամփի ընտրությամբ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր էջ կբացվի:

Ընտրյալ նախագահը շարունակում է խոսել Մոկսվայի հետ կապերը բարելավելու մտադրության մասին, բայց նրա առաջադրած թեկնածուները, կարծես թե, հակված են վարել առավել խիստ և իրատեսական քաղաքականություն:

Ընտրյալ նախագահն այսօր Թվիթերում գրել է, թե սատարում է իր առաջադրած բոլոր թեկնածուներին և քաջալերում է նրանց արտահայտել տարբեր, այդ թվում՝ իր անձնական տեսակետի հետ չհամընկնող կարծիքներ:

«Ես ուզում եմ, որ նրանք չփոխվեն և հայտնեն իրենց, այլ ոչ թե իմ մտքերը», - գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG