Մատչելիության հղումներ

Բացվել է կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը:

«Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում», - ասել է գործադիրի ղեկավարը:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջև մեծ խնդիր է դրված և կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. -«Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի և պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ և մեծ աշխատանք չի պահանջում: Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված և գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն և նախապատրաստում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը և մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»:

Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից և մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է՝ խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը և նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաև այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG