«Պետք է կարողանալ ռուսներին զսպել»
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի թեկնածու Ջեյմս Մատիսը և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի թեկնածու Մայք Փոմփեոն երեկ Սենատում, պատասխանելով օրենսդիրների հարցերին, բավական կոշտ որակումներով են խոսել Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:
Դեսանտի նախկին գեներալ, «Կատաղած շուն» (Mad Dog) մականունով հայտնի Մատիսը Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է պառակտումներ առաջացնել ՆԱՏՕ-ում:
«ՆԱՏՕ-ն արդիական աշխարհի ու, թերևս, ընդհանրապես ամբողջ պատմության ընթացքում ամենահզոր և կայացած ռազմական դաշինքն է, և Ամերիկայի համար չափազանց կարևոր է այդ դաշինքի հետ ամենասերտ կապերի պահպանումը», - ասել է 66-ամյա Մատիսը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները տարբեր առիթներով փորձել է համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն դրա հաջող օրինակների թիվը բավական փոքր է:
Մոսկվայի հետ հարաբերություններում, ըստ Մատիսի, հարկ է գործադրել և՛ դիվանագիտական, և՛ ռազմական լծակներ, որոնցից առանցքայինը պետք է լինի Ռուսաստանին զսպելու ունակությունը: «Պետք է կարողանալ ռուսներին զսպել»,- ասել է Մատիսը:
«Մենք պետք է ամրացնենք մեր միջազգային դաշինքը, պատմությունը վկայում է, որ հզոր դաշնակիցներ ունեցող երկրները ծաղկում են, դաշնակից չունեցողները՝ մարում»,- ասել է Մատիսը:
Պենտագոնի ղեկավարի թեկնածուն նաև մի ուշագրավ հայտարարություն է արել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ, ասելով, որ, իր կարծիքով` հարկ է պահպանել գործարքը, թեպետ այն ունի թերություններ: Նշենք, որ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ սպառնացել է այն չեղարկել:
«Հիմա Պուտինը, հավանաբար, անչափ գոհ է»
Մոսկվայի վերաբերյալ է'լ ավելի կոշտ տեսակետներ է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի թեկնածու, հանրապետական կոնգրեսական 53-ամյա Մայք Փոմփեոն, ով Սենատի Հետախուզության հարցերով հանձնաժողովում ասել է, թե ընդունում է հետախուզական կառույցների այն տեսակետը, որ ռուսները հաքերային գրոհներ են նախաձեռնել ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով:
Փոմփեոն անցյալ շաբաթ ներկա է եղել Դոնալդ Թրամփի և հետախուզական կառույցների պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում ընտրյալ նախագահին ներկայացրել են զեկույցը հաքերային գրոհների մասին:
«Ամեն բան հուշում է, որ զեկույցը հիմնավորված է և վերլուծական աշխատանքի արդյունք է»,- երեկ ասել է Փոմփեոն:
Ինքը՝ Թրամփն այլևս չի հերքում ընտրություններին ռուսական հաքերային միջամտության իրողությունը, բայց պնդում է, որ այն չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:
«Վլադիմիր Պուտինը հիմա, հավանաբար, անչափ գոհ է քաղաքական աղմուկից, որն Ամերիկայում բարձրացել է հաքերային գրոհների և ռուսների միջամտության թեմայի շուրջ»,- երեկ ասել է Փոմփեոն:
Լսումները Սենատի պատկան հանձնաժողովներում շարունակվում են: