Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանդից 2 տարի անց «հանցագործությունը բացահայտված չէ»


Սպանված Ավետիսյանների լուսանկարները, արխիվ
Սպանված Ավետիսյանների լուսանկարները, արխիվ

Զոհերի հարազատները մինչ օրս չեն հավատում, որ ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովն Ավետիսյաններին միայնակ է սպանել: Ի դեպ՝ աննախադեպ այդ սպանդի երկրորդ տարելիցի օրը հիշել էին միայն զոհերի հարազատները: Որևէ պաշտոնյա Ավետիսյանների տուն չէր այցելել:

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդից 2 տարի անց քաղաքի Մյասնիկյան 188 հասցեով տան մոտ այսօր հավաքվել էին զոհերի հարազատները: Քիչ անց բացվեց փակ դարպասն ու տան դուռը: Իսկ տան ներսում, որտեղ տեղի էր ունեցել յոթ հոգանոց ընտանիքի սպանդը, շատ բան չէր փոխվել․ դատավարության ընթացքում տան իրերին ձեռք տալ չէր թույլատրվում:

Այսօր Ավետիսյանների տան սենյակներն արդեն դատարկ են, պատերին մնացել են արձակված փամփուշտների հետքերը: Շինությունն արդեն սկսել է քանդվել, հատակն էլ՝ փտել: Ավետիսյանների հարզատներից Ռիտա Պետրոսյանը՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը, ասում է, որ այդպես էլ արդարադատություն չտեսան: «Միայն անարդարություն, իրանք իրանց դատեցին, իրանք իրանց փակեցին գործը, ոչ մի բան չիմացանք՝ իրական պատճառը, իրական մարդասպաններին: Իրանք իրանց ոնց ուզեցին՝ փակեցին․․․»,- արտասվելով ասաց Ռիտա Պետրոսյանը:

Զոհերի հարազատները մինչ օրս չեն հավատում, որ ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովն Ավետիսյաններին միայնակ է սպանել՝ «Նա մենակ չէր կրնա, էսքան էրեխուն հարցնես՝ նույն բանը կասի: Ամբողջ աշխարհը հարցնում է՝ էդ ի՞նչ տուն-տունիկ կխաղաք, էդ ի՞նչ դատավարություն էր․․․»:

Ռիտա Պետրոսյանի կարծիքով, պատասխանատու մարմինները շատ լավ գիտեն գործի մանրամասները, սակայն, չեն բացահայտում: Ավետիսյանների հարազատները նույնիսկ պնդում են, որ հանցագործությունը նախօրոք ծրագրված է եղել՝ «Ուղղակի իրանց հիմա պետք չէ, որ գործը բացահայտվի․․․սա նախապես սաղ պայմանավորված գործ էր»:

Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը՝ Ջուլիետա Ջալալյանն էլ հարց է հնչեցնում՝ ինչու՞ Պերմյակովին դեպքի վայր չբերեցին անգամ այն պարագայում, երբ դատավարության ժամանակ պարզվեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի հագուստներից մեկի վրա այլ անձի արյան հետք է եղել:

Ի դեպ՝ Ավետիսյանների սպանության երկրորդ տարելիցի օրը հիշել էին միայն զոհերի հարազատները: Որևէ պաշտոնյա սպանվածների տուն չէր այցելել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG