Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն հույս է հայտնել, որ Ռուսաստանն առաջիկայում կվերադառնա Մեծ ութնյակ:
Ռուսաստանը 2014 թվականին՝ Ղրիմը բռնակցելուց հետո է արտաքսվել ութ հզոր տերությունների խմբից: «Մենք չենք կարող, բայց ցանկանում ենք վերականգնել Մեծ ութնյակի ձևաչափը և ազատվել «սառը պատերազմի» այս մթնոլորտից», - երեկ Rai 2 հեռուստակայանին ասել է Ալֆանոն:
Իտալիայի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը հնարավոր կդարձնի Մեծ ութնյակի վերականգնումը: Միաժամանակ, նա ավելացրել է, որ առայժմ չի կարող ասել՝ արդյոք Ռուսաստանի հետ մերձեցումը հնարավոր կլինի մինչև մայիսին Իտալիայում գումարվելիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովը:
Ալֆանոյի փոխանցմամբ, քանի դեռ հստակ չէ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշումը և չկան Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնությունները Մոսկվայի կողմից կատարելու մասին վկայող հստակ ապացույցներ, վաղաժամ է խոսել Մեծ ութնյակի վերականգնման մասին: