Աֆղանստանում թալիբները տարածել են մի տեսանյութ, որտեղ երևում են անցած տարի օգոստոսին առևանգված՝ Քաբուլի Ամերիկյան համալսարանի դասախոսներ, Միացյալ Նահանգների և Ավստրալիայի քաղաքացիներ Քևին Քինգն ու Թիմոթի Ուիքսը:
Խոսքն ուղղելով ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առևանգվածներից մեկն ասում է, որ թալիբները պահանջել են «Բաղրամ» օդանավակայանում ձերբակալված և Փուլ-Է-Չարխի բանտում պահվող զինյալների փոխանակում՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել պատանդներին:
Ի դեպ, երեկ Միացյալ Նահանգները մի զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ աֆղանական ուժերը չեն կարող ապահովել Աֆղանստանի անվտանգությունը: Զեկույցում ասված է, որ «կայուն անվտանգ միջավայր է անհրաժեշտ, որպեսզի երկիրը նորից չդառնա ապահով հանգրվան «Ալ-Ղաիդա»-ի կամ այլ ահաբեկչական խմբավորումների համար»: