ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջադրած թեկնածուն վստահ է` Ռուսաստանը վտանգ է ներկայացնում և ապակայունացնում է իրավիճակն աշխարհում` արհամարհելով Միացյալ Նահանգների շահերը: «Արևմուտքը պետք է առավել կոշտ արձագանքեր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը», - Սենատում` իր թեկնածության հաստատման շուրջ քննարկումներում հայտարարեց Ռեքս Թիլերսոնը` հավելելով. - «Ռուսաստանի իշխանությունները պետք է հասկանային` այո՛, վերցրինք Ղրիմը, սակայն, դրանից ավելի ոչ մի թիզ առաջ չենք կարող գնալ»:
Դրանով հանդերձ, Ռեքս Թիլերսոնը վստահ է` Նահանգները պետք է ընդարձակի համագործակցությունը Մոսկվայի հետ. - «Մենք բաց և անկեղծ երկխոսության կարիք ունենք Կրեմլի հավակնությունների շուրջ, որպեսզի հասկանանք, թե մե՛նք ինչ դիրքորոշում ենք որդեգրելու»:
Ռուսաստանը, ինչպես և ակնկալվում էր, դարձավ ապագա պետքարտուղարի հաստատման գլխավոր թեման: Պատասխանելով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցերին` նավթային հսկա ExxonMobil- ի ղեկավարը հայտարարեց` ՆԱՏՕ-ի դաշնակիցները իրավունք ունեն Կրեմլի վերջին քայլերից մտահոգվելու:
«Ռուսաստանը հարգանք ու համարժեք վերաբերմունք է փնտրում միջազգային ասպարեզում, սակայն, նրա վերջին գործողությունները արհամարհում են Ամերիկայի շահերը», - հայտարարեց Թիլերսոնը, ով տարիներ առաջ Բարեկամության շքանշան էր ստացել նախագահ Պուտինից, երբ Արկտիկայում համատեղ հորատման աշխատանքներ սկսելու խոշորածավալ գործարք էր կնքել «Ռոսնեֆտ»-ի հետ:
Ապագա պետքարտուղարի` Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարությունները թերևս մեղմեն սենատորների մտահոգությունները, թե Պուտինի հետ մտերիմ կապերով հայտնի Թիլերսոնը կարող է առավել մեղմ դիրքորոշում որդեգրել նրա նկատմամբ: Այդուամենայնիվ, Սենատում շատերը անակնկալի եկան, երբ ԱՄՆ թիվ մեկ դիվանագետի թեկնածուն հայտարարեց, թե Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել Վաշինգտոնի ապագա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Սենատոր Բոբ Մենենդեսը հիշեցրեց Թիլերսոնին, որ նա մինչև վերջերս քննադատում էր ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչին ի պատասխան Թիլերսոնը ընդամենը փաստեց` այդ սահմանափակումները վնասում են ամերիկյան բիզնեսին:
Աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի ղեկավարը հայտարարեց` ԱՄՆ նախորդ վարչակազմը համարժեք չի արձագանքել «Ռուսաստանի վերածննդին», պնդեց` իր թեկնածությունը հաստատելու դեպքում Նահանգները Ռուսաստանի հետ կհամագործակցի այն ոլորտներում, որտեղ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն, ասենք` ահաբեկչության դեմ պայքարում: Տարաձայնությունների դեպքում էլ տեղի չի տա. - «Մենք պետք է աննկուն լինենք Ամերիկայի ու մեր դաշնակիցների շահերը պաշտպանելիս, Ռուսաստանը պետք է իմանա, որ պատասխան է տալու իր գործողությունների համար»:
Սենատոր Մարկո Ռուբիոն ուղիղ հարց հնչեցրեց` համաձա՞յն է արդյոք Թիլերսոնը ամերիկյան հատուկ ծառայությունների վերջին զեկույցին, ըստ որի՝ Կրեմլը հաքերային հարձակումներով փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին: Թիլերսոնն արձագանքեց` «չգաղտնազերծված զեկույցը դեռ չի տեսել, բայց հրապարակված նյութերից դատելով` արդար է համարում ընկալումը, որ նախագահ Պուտինն անձամբ է այդ հարձակումների հրահանգը տվել»: Պետքարտուղարի թեկնածուն, միաժամանակ, այդպես էլ չպատասխանեց հարցին` հաստատման դեպքում արդյո՞ք ուժի մեջ կթողնի Օբամայի վերջին պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ` հաքերային այդ հարձակումներին ի պատասխան:
Ֆլորիդայից ընտրված հանրապետական Մարկո Ռուբիոն, ով Թրամփի մրցակիցներից մեկն էր հանրապետականների նախագահական արշավում, հիշեցրեց նաև Սիրիայի մասին` պնդելով` Պուտինը պատասխանատու է պատերազմական գործողությունների, այդ թվում` Հալեպի գնդակոծման համար: Պետքարտուղարի թեկնածուն, սակայն, խուսափեց Պուտինին «պատերազմական հանցագործ» անվանելուց. - «Ես այդ եզրույթը չէի օգտագործի, դրանք շատ, շատ լուրջ մեղադրանքներ են, և ես կուզենայի ավելի շատ տեղեկություններ ունենալ` նման եզրահանգման հասնելու համար», - հայտարարեց նա:
Սենատորների մյուս հարցերին պատասխանելիս Թիլերսոնը նշեց` Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը «լիակատար վերանայման կարիք ունի», սակայն ինքը համամիտ չէ, թե այն պետք է իսկույն չեղարկվի, քննադատեց Օբամայի վարչակազմի հաշտեցումը Կուբայի հետ, ընտրյալ նախագահ Թրամփի օրինակով էլ պնդեց` կլիմայի փոփոխության վտանգ գոյություն չունի:
Թիլերսոնի թեկնածության շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը, ըստ փորձագետների՝ նա հավանություն կստանա Սենատում, որտեղ հանրապետականները հիմա մեծամասնություն են կազմում: