Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արխիվ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արխիվ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանի փոխանցմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն:

«Սասուն Խաչատրյանը իսկապես նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն և պարտականություններին կանցնի հունվարի 16-ից: Սասուն Խաչատրյանի նշանակումը կատարվել է՝ հաշվի առնելով համակարգում նրա երկարատև աշխատանքային փորձը: Նա շուրջ քսան տարի աշխատել է էներգետիկ համակարգում, որից ավելի քանը տասը տարին եղել է Հայաստանի խոշորագույն արտադրող էլեկտրակայաններից մեկի տնօրենը: Խոսքը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մասին է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Թարփոշյանը:

Հարցին, թե ինչու է աշխատանքից ազատվել նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, Թարփոշյանն արձագանքեց․ - «Ճիշտն ասած, կդժվարանամ այդ հարցին միանշանակ պատասխանել: Բայց ենթադրում եմ, որ կապված տարիքի հետ, որովհետև երկար տարիներ պարոն Հովհաննիսյանը աշխատել է Երևանի ՋԷԿ-ում: Տարիքի պատճառով հնարավոր է, որ սեփական դիմումի համաձայն որոշել է ազատվել աշխատանքից»:

Օրերս հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանը «առողջական խնդիրների պատճառով» հրաժարական է տվել իշխող Հանրապետական կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: Ավելի վաղ՝ անցած տարվա հոկտեմբերին, նա ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Մամուլը գրեց, որ Սասուն Խաչատրյանի նշանակումը Երևանի ՋԷԿ-ի տնօրեն իրականում փոխհատուցում է Խաչատրյան եղբայներին՝ Սյունիքի մարզպետի և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի պաշտոնաթողություններից հետո:

Վասակ Թարփոշյանը չհամաձայնեց այս դիտարկմանը․ - «Ինչպես արդեն նշեցի, նշանակումը կապված է նրա աշխատանքային երկարատև գործունեության հետ համակարգում և որևէ առնչություն չունի Սուրիկ Խաչատրյանի ազատման կամ նրա գործունեության հետ»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Սասուն Խաչատրյանը ևս պնդեց, թե իրեն նշանակել են Երևանի ՋԷԿ-ի տնօրեն բացառապես իր վաստակի համար․ - «Ես քսան տարի եղել եմ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»:

Հարցին, թե ինչով է պայմանավորում իր նոր նշանակումը, Խաչատրյանն արձագանքեց․ - «Եթե մարդը թոշակի է գնացել, իր տեղը ինձ նշանակեն կամ մեկ այլ ուրիշին, ի՞նչ տարբերություն պիտի լինի»:

Երևան ՋԷԿ-ի դեռևս գործող տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը այսօր ողջ օրվա ընթացքում չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ այս նշանակման իմաստը Խաչատրյաննների կլանին սիրաշահելն է, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանք շարունակեն ձայներ ապահովել իշխող ՀՀԿ-ի համար:

2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններում Սյունիքի մարզում Հանրապետականի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր ընտրողների մոտ 60 տոկոսը:

«Սա բնորոշ է քրեաօլիգարխիկ համակարգին, երբ տեղի են ունենուն այսպիսի փոխատեղումներ, այսինքն՝ մեկ պաշտոնը փոխհատուցվում է մեկ այլ պաշտոնով, և այդ տիրույթում մենք պետք է սրան գնահատական տանք: Եթե Սուրիկ Խաչատրյանըին ժամանակին մարզպետի պաշտոնից հանեցին և հիմա էլ այս մի քանի օրվա ընթացքում նաև հանեցին Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային ղեկավարի պաշտոնից, ապա հասկանալի է, որ հենց այսպես մենք պետք է դիտարկենք, որ տեղի է ունեցել ուղղակի փոխհատուցում»:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումներով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներ Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանը ազատվել են պաշտոններից:

XS
SM
MD
LG