Մատչելիության հղումներ

Բաբայան. Միջնորդների հայտարարություններն արդեն պետք է ավելի հասցեական լինեն


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 9-ի հայտարարությունը Ամանորի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Ընդհանրապես երկակի մոտեցում կա այստեղ: Նախևառաջ՝ այն, որ իրենք նման հայտարարություններով հանդես են գալիս, ինքնին դրական է․ դա ցույց է տալիս, որ նրանք անտարբեր չեն և շարունակելու են իրենց առաքելությունը, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում պահպանվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Մյուս կողմից, ընդգծեց նա, վաղուց արդեն հրամայական է, որպեսզի ավելի հասցեական լինեն այդ հայտարարությունները։

«Նախևառաջ՝ օպերատիվ տեսանկյունից այսքան չուշանան, որովհետև փաստորեն դեկտեմբերի 29-ը և հիմա երկու շաբաթ անցել է: Երկրորդը՝ երբ որ հասցեական չէ, ես հասկանում եմ, որ դա նաև դիվանագիտական ձևաչափի ներքո է, որովհետև չեն ուզում է՛լ ավելի բարդացնել իրավիճակը, դրա համար փորձում են այսպես չեզոք կամ հավասարակշռված հայտարարություններ անել, բայց պրակտիկան ցույց է տվել, որ վաղուց արդեն նման մոտեցումն իր արդյունավետությունը կորցրել է: Այսինքն, պետք է հասցեական լինի․ Ադրբեջանն է խախտել՝ Ադրբեջանին կոնկրետ մեղադրել, հայկական կողմերից մեկն է սխալ քայլ կատարել՝ պետք է մատնանշել», - ասաց Բաբայանը՝ հավելելով․ - «Հիմա, ամսի 29-ին պարզ Ադրբեջանը դիվերսիոն-ահաբեկչական խումբ է ուղարկել, և այստեղ դա չնկատել, չմատնանշել՝ կարծում եմ, ճիշտ չէ, և պետք է ավելի հասցեական հնչեն այդ հայտարարությունները, որպեսզի սրանով նաև ավելի ուժեղացվի զինադադարի ռեժիմի պահպանումը, և այդ խախտումները նվազեցվեն»։

Համանախագահները, հիշեցնենք, իրենց հայտարարությունում նաև կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը։

«Ազատության» հարցին, թե Ստեփանակերտն ինչպե՞ս է վերաբերվում համանախագահների այս կոչին, Բաբայանը պատասխանեց. - «Շատ լավ, բազմիցս ասել ենք, որ դա անհրաժեշտություն է, նաև այս Չինարիի դեպքը ցույց տվեց, որ պետք է արագացնել: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչված երկրներ են, հիմա այնպես է ստացվել, որ նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից սա իհարկե մի քիչ այլ կատեգորիայի մեջ է մտնում, որովհետև ճանաչված պետության դեմ փաստորեն ագրեսիայի ակտ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեկ բան, որ Ադրբեջանը չի վերանայում իր մոտեցումները, որ Ադրբեջանը կարծր հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը շարունակում է իրականացնել․ այ սա, իհարկե, պետք է մտահոգի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG