Բաքվի դատարանը ազատ արձակեց բլոգեր Մեհման Հուսեյնովին: Չնայած դատավորը նրան մեղավոր ճանաչեց ոստիկաններին չենթարկվելու հոդվածով, բայց որոշեց չկալանավորել նրան, 200 մանաթ տուգանք սահմանեց և երիտասարդ բլոգերը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Հուսեյնովին բերման էին ենթարկել երեկ երեկոյան, սակայն այդ գործողությունը ավելի շատ նման էր առևանգման: Այսօր դուրս գալով դատարանից, նա պատմել է, որ երեկ երեկոյան ութ մարդ հարձակվել է իր վրա, փակել բերանը, գլխին պարկ հագցրել, էլեկտրաշոկով խոշտանգել ու խցկել ավտոմեքենայի մեջ:
«Երեք ժամ ինձ պահում էին դեմքով ներքև, պարկը գլխիս, ինձ խփում էին, ես զգում էի որ քթիցս արյուն է գալիս, շունչս չէր հերիքում, ինձ վիրավորական խոսքեր էին ասում, բաց ես նրանց ասում էի՝ ինչ էլ անեն, իմ աշխատանքից չեմ հրաժարվի», - ասել է նա՝ հայտարարելով որ ինքը «կոտրված չէ»:
Ադրբեջանական մամուլը, մասնավորապես «Թուրանը», հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում, Նիզամի փողոցի մոտ: Հունվարի 9-ին ժամը 20:00-ի սահմաններում բլոգերը դուրս է եկել սրճարանից, որ գնա ընկերների հետ պայմանավորված հանդիպմանը, բայց տեղ չի հասել: Քաղաքացիական հագուստներով մի քանի մարդ հարձակվել են նրա վրա և ուժով նստեցրել ավտոմեքենա: Նրան սպասող ընկերները զանգահարել էին Հուսեյնովին, բայց նրա հեռախոսը անջատված էր:
Փաստաբան Էլչին Սադիգովը երեկվանից սկսել է փնտրել նրան: Փաստաբանը նախ գնացել է ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ վարչություն, որտեղ հրաժարվել էին պատասխանել նրան, Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունից ասել էին թե Հուսեյնովը իրենց մոտ չէ: Փաստաբանը շարունակել էր որոնումները:
Միայն այսօր ժամը 11-ի սահմաններում փաստաբանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ երեկ երեկոյան բերման ենթարկված Հուսեյնովին ոստիկանության բաժանմունքից բերել են դատարան: Այդ պահին փաստաբանը դեռ չգիտեր, թե բլոգերին ինչ մեղադրանք է առաջադրվել: Ավելի ուշ նա «Թուրանին» ասաց, որ Հուսեյնովին մեղադրում են ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար:
Ոստիկանության արձանագրությունում գրված է, որ մի քաղաքացի դիմել է իրենց, բողոքելով որ Մեհմանը ուսով հրել է իրեն, իսկ հետո վիրավորել: Տեղ հասած ոստիկաններին ևս նա կոպտել է ու հրաժարվել է ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Դրա համար նրա դեմ վարչական իրավախախտումների հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որը նախատեսում է 30 օրվա կալանք կամ տուգանք:
Մամուլի իրավունքների հարցերով փորձագետ Ալեքսեր Մամեդլին ասել է, որ իրականում Մեհման Հուսեյնովը ձերբակալվել է բլոգերային գործունեության համար: - «Նրա տեսանյութերը ազդեցություն են թողնում հանրության վրա: Նա բացահայտում է բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների կոռուպցիոն փաստերը, բայց նրա բացահայտումների մեծ մասը նույնիսկ չի էլ հետաքննվել», - նշել է մամուլի հարցերով փորձագետը:
Մեհման Հուսեյնովը մի շարք հեռուստառեպորտաժներ էր պատրաստել իշխանությունների վերին էշելոններում տիրող կոռուպցիայի մասին, ներառյալ նախարարներ, պատգամավորներ, օլիգարխներ: Նա նաև նկարահանում էր պաշտոնյաների վիլլաներն ու առանձնատները, որոնք կառուցվել են գողացված փողերով, հարցազրույցներ վերցնում բանվորներից, ում աշխատավարձերը այդ վիլլաների տերերը հրաժարվել են վճարել, հաղորդում է «Թուրանը»:
Երիտասարդ բլոգերի տեսանյութերը սոցցանցերում մեծ արձագանք ունեն, բայց և նյարդայնացնում են իշխանություններին: Երեք շաբաթ առաջ նրան փորձել էին առևանգել, բայց փորձը ձախողվել էր: Մեհման Հուսեյնովը իրեն առևանգելու փորձի մեջ մեղադրել էր իշխանություններին: