Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը, ով հունվարի 9-ին Բաքվի կենտրոնում անհայտ անձանց կողմից առևանգվել էր, իրավապահների կողմից մեղադրվում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Էլչին Սադիգովը։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն առայժմ չի պարզաբանում բլոգերի՝ ավելի վաղ անհետացման փաստը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մեհման Հուսեյնովը վերջին ամիսներին զբաղվում էր երկրի վերնախավի՝ նախարարների, պատգամավորների և օլիգարխների կոռուպցիոն գործարքների բացահայտումներով։
Երեք շաբաթ առաջ Հուսեյնովը հայտարարել էր իրեն առևանգելու փորձի մասին՝ պնդելով, որ հարձակման հետևում կանգնած են իշխանությունները։