Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի իշխանությունները մտահոգված են ընտրություններին հնարավոր կիբերհարձակումներից


Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան, արխիվ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան, արխիվ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Ֆրանսիայի դեմ հաքերային հարձակումները ավելացնել են: Անցած տարի Ֆրանսիան արգելափակել է դրսից կատարված մոտավորապես 24 հազար հաքերային հարձակում, իսկ այս տարի Ֆրանսիայի իշխանությունները մտահոգված են նախագահական ընտրությունների ժամանակ հնարավոր կիբերհարձակումներից:

Միաժամանակ, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ասել է, թե թվային անվտանգության համակարգը Ֆրանսիայի ընտրությունները ապակայունացնելուն ուղղված գործողությունների նշաններ չի հայտնաբերել:

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են այս տարվա գարնանը: Պահպանողական «Հանրապետական» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Մոսկվայի հետ լավ հարաբերություններին կողմ է նաև ծայրահեղ աջերի առաջնորդ Մարի Լե Պենը: EUobserver-ն այսօր գրում է, որ նրանց հաջողության դեպքում վերջ կդրվի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, իսկ Լե Պենի հաղթնակի դեպքում կխարխլվի Եվրամիությունը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կիրակի օրը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է․ - «Մեր ժողովրդավարական կյանքը ճնշելու վտանգները իրական են»:

Նա ասել, որ նախատեսվում է հաքերային հարձակումներից պաշտպանվելու հատուկ ստորաբաժանում ստեղծել, որտեղ մինչև 2019 թվականը ծառայության կանցնեն 2.5 հազար «թվային զինծառայողներ»:

Ֆրանսիայից բացի այս տարի Եվրոպայում ընտրություններ են անցկացվելու նաև Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ չորրորդ անգամ է առաջադրվելու երկրի ղեկավարի պաշտոնում: Գերմանիան 2015-ից մոտավորապես մեկ միլիոն միգրանտ է ընդունել, բայց նրանց հանդեպ Մերկելի հանդուրժողական քաղաքականությունը բոլոր գերմանացիները չէ, որ ընդունում են: Որոշ փորձագետների կարծիքով Մոսկվան փորձելու է օգտագործել միգրանտների դեմ ակտիվիսներին, խրախուսել, աջակցել միգրանտների դեմ շարժումներին՝ խանգարելու նրա կուսակցության հաղթանակին, կամ թուլացնելու նրա իշխանությունը:

Ձախ կենտրոնամետ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Թոմաս Օպերմանը Sueddeutsche Zeitung թերթին ասել է. - «Թիրախային քարոզչությունը և դրսից հաքերային հարձակումները լինելու են Գերմանիայի ընտրարշավի հիմնական սպառնալիքները»:

Ըստ Գերմանիայի BfV հետախուզական ծառայության՝ Ռուսաստանը անցյալ տարի հաքերային հարձակում էր իրականացրել Գերմանիայի խորհրդարանի վրա, իսկ անցած դեկտեմբերին նույն աղբյուրները հաքերային հարձակման էին ենթարկել ԵԱՀԿ-ն: Գերմանիայի հետախուզական ծառայությունը անցած ամիս հայտնել էր, թե նկատելի է ռուսական քարոզչության և կեղծ լուրերի տարածման կտրուկ աճ, որոնց նպատակն է ապակայունացնել Գերմանիայի հանրությանը և հաքերային հարձակումներով թիրախավորել քաղաքական կուսակցությունները:

Ռուսաստանի հաքերային հարձակումներից մտահոգված են նաև եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Չեխիայի ներքին գործերի նախարարությունը «հիբրիդային սպառնալիքներն» ուսումնասիրող թիմ է ձևավորել:

Հակաահաբեկչական և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կենտրոնի շուրջ երկու տասնյակ մասնագետների խումբը ուսումնասիրելու է քաղաքական ծայրահեղականության, ահաբեկչական սպառնալիքների և կեղծ տեղեկատվության, քարոզչության միջոցով հանրության կարծիքի վրա ներազդելու դրսի փորձերը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով ռուսամետ քաղաքական գործիչ է համարվում, քննադատել է այս նախաձեռնությունը:

Ֆինլանդիան հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մի շարք երկրներ պլանավորում են Հելսինկիում կենտրոն ստեղծել՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող են հակազդել «հիբրիդային պատերազմներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG