Մատչելիության հղումներ

Պրիբուս. Թրամփը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ հայտնի հաքերային հարձակումների համար


Ռայնս Պրիբուս, արխիվ
Ռայնս Պրիբուս, արխիվ

Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ հաքերային հարձակումների և Միացյալ Նահանգների ընտրություններին միաջմտելու կապակցությամբ։ Այս մասին Պրիբուսը հայտարարել է Fox News-ի հետ զրույցում, սակայն չի մանրամասներ, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

«Ես կարծում եմ, որ նա՝ Թրամփը, ի գիտություն է ընդունել հետաքննության արդյունքները, նա չի ժխտում, որ հաքերային հարձակումների հետևում Ռուսաստանն էր կանգնած», - ասել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը՝ հավելելով, որ այս կապակցությամբ Ռուսաստանի դեմ կարող են միջոցներ ձեռնարկվել։

Հիշեցնենք, ավելի վաղ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը, որի ժամանակ Թրամփին ներկայացրել էին Ռուսաստանի հաքերային հարձակումների մասին զեկույցը և գաղտնի չհրապարակված տեղեկությունը, ԱՄՆ ընտրված նախագահը կառուցողական էր անվանել։ Սակայն հարցին, թե արդյո՞ք նա համաձայն է պնդման հետ, որ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին, Թրամփը չի պատասխանել։

Հավելենք, որ շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորել։ «Լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ լավ է, միայն խելք չունեցող մարդիկ կարող են հակառակը մտածել», - ասել է նա։

Երկու օր առաջ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները 25 էջանոց փաստաթուղթ են հրապարակել, որում պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շրջանում հաքերային հարձակումներով աջակցել Դոնալդ Թրամփին՝ ազդելով արդյունքների վրա։

Պաշտոնական Մոսկվան այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել։ Փորձագետների մի մասը կարծում է, որ Կրեմլը որդեգրել է հեռացող Օբամայի թիմի որևէ քայլին այլևս չարձագանքելու քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG