Մատչելիության հղումներ

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների առաջնորդներն այսօր Ժնևում կհանդիպեն


Շվեյցարիա - Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընջին (ձախից) և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ՝ Մոն Պելերեն լեռնային հանգստավայրում բանակցությունների ժամանակ, 7-ը նոյեմբերի, 2016թ․
Շվեյցարիա - Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընջին (ձախից) և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ՝ Մոն Պելերեն լեռնային հանգստավայրում բանակցությունների ժամանակ, 7-ը նոյեմբերի, 2016թ․

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների առաջնորդներն այսօր կհանդիպեն Ժնևում, ինչը միջնորդները տասնամյակներով մասնատված կղզին միավորելու պատմական հնարավորություն են որակում:

Թուրքական Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընջին և նրա հույն գործընկերը՝ Նիկոս Անաստասիադեսը շուրջ մեկուկես տարի բանակցել են վճռական այս փուլին հասնելուց առաջ:

«Շատ իրական է հնարավորությունը, որ 2017-ին հենց կիպրոսցիները որոշեն շրջել պատմության այս էջը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով խորհրդական, Նորվեգիայի նախկին արտգործնախարար Էսպեն Բարտ Էիդը՝ տարեմուտի իր ուղերձում:

Երկու կողմերի առաջնորդները, սակայն, առավել զգուշավոր են՝ ընդգծելով, որ առանցքային հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել:

Ժնև մեկնելուց առաջ թուրքական հատվածի առաջնորդը լրագրողներին ասել է. - «Շատ կարևոր է արդյունքներ արձանագրել և ոչ թե միայն հանդիպել՝ հանդիպելու համար, միաժամանակ մենք դեռ չենք հասել այն վիճակին, որ կարողանանք վերջնական համաձայնություն կնքել: Մեզ սպասվում է բավական լարված շաբաթ»:

Տարաձայնությունների շարքում ամենակարևորը մնում է հողերի վերադարձի հարցը, հունական Կիպրոսի ներկայացուցիչները պահանջում են իրենց վերադարձնել այնքան տարածք, որը կբավականացնի 1974-ի թուրքական ներխուժումից հետո տարհանված առնվազն 90 հազար հույներին բնակեցնելու համար, թուրքական հատվածում, մինչդեռ, այս թվերի հետ համամիտ չեն:

Ակնկալվում է որ առաջիկա չորեքշաբթի կողմերը միմյանց կներկայացնեն տարածքների վերահսկման շուրջ իրենց կազմած քարտեզները, և եթե փոխհամաձայնություն արձանագրվի, հաջորդ օրը նրանց կմիանան բանակցությունները երաշխավորող երեք երկրների՝ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու Հունաստանի ղեկավարները:

Հաղորդվում է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել՝ համաձայնելով, որ ժնևյան այս բանակցությունները խնդրի կարգավորման և տևական խաղաղության հասնելու իրական հնարավորություն են:

Ավելի վաղ՝ անցած ամիս, երկու հատվածների բնակիչները խորհրդանշական բողոքի ցույցեր էին անցկացրել՝ պահանջելով իրենց ղեկավարներից հաշտություն կնքել:

«Ես իսկապես, իսկապես հավատում եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա Ժնևում։ Իրականում մենք այլ ելք չունենք, այս կղզում, որտեղ ժամանակակից մարդիկ են ապրում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, մենք կարող ենք ճանապարհ գտնել, փոխզիջում, և ես կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», - «Ռոյթերզ»-ին ասում է թուրքական Կիպրոսի բնակիչ Սալիհ Օսթոփզակը։

Կիպրոսի հունական հատվածում ապրող Մայք Էֆտիմիուն էլ պնդել է. - «Ես իսկապես կարծում եմ, որ այս անգամ հնարավոր է լուծման հասնել, և ես շատ կուզեի գնահատել երկու կողմերի առաջնորդների ջանքերը, որոնց շնորհիվ մենք հասել ենք բանակցային այս փուլին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հացերով խորհրդական Էսպեն Բարտ Էիդն էլ օրեր առաջ գրել է. - «Երկու կողմերի առաջնորդները տասնամյակներ շարունակվող տարաձայնությունը հարթելու քաղաքական կամք և պատրաստակամություն են հայտնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG