Մատչելիության հղումներ

«Հոգևոր առաջնորդները չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին»


Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Արձագանքելով Գուգարաց թեմի առաջնորդի՝ Վանաձորի ավագանու անդամներին ուղղված «համախմբման» հորդորին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ հորդորը «միակողմանի էր»:

Նախօրեին Վանաձորի սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթեց, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը: Սրբազանն իր խոսքում հատուկ ընդգծեց՝ ավագանու անդամներից ժողովուրդը ծառայություն է ակնկալում:

«Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ՝ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ, ինչու չէ, նաև սրբազան ծառայություն է ուզում: Եվ ուրիշ ոչինչ ժողովուրդը չի պահանջում ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել էր հոգևորականը:

Արձագանքելով Գուգարաց թեմի առաջնորդի այս հորդորին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այդ խոսքը «միակողմանի էր»: Ըստ Մարուքյանի՝ «Սրբազանը կորցրել է անաչառ լինելու հանգամանքը»:

«Ինչու՞, որովհետև նա ընտրություններից հետո, առանց խորամուխ լինելու եղելության մեջ, առանց ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու և քննարկելու, գնաց և մասնակցեց այդ երդմնակալության արարողությանը, որն օրենքով նախատեսված չէր և ապօրինի միջոցառում էր մեծ հաշվով: Այսինքն՝ նա գնաց և օրհնեց մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի էդ ամբողջ ընթացքը»,- ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ, հոգևոր առաջնորդները չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, իսկ եթե միջամտում են, պետք է անաչառ լինեն: «Դա նման է Հանրապետականի քարոզի շարունակությանը, երբ որևէ կերպ հաշվի չի առնվում ընդդիմադիր մյուս կողմի կարծիքը, որևէ կերպ չի դատապարտում էդ մանդատագողությունը: էն, ինչը որ տեղի է ունեցել»,- շարունակեց Մարուքյանը:

Հոկտեմբերին 2-ին տեղի ունեցած՝ քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու կայացած միակ նիստը հոկտեմբերի 10-ին էր, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ու թեև ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանիում 33 անդամներից 18-ը կքվեարկեն «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, վերջինս, սակայն, ստացավ ընդամենը 14 ձայն:

Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին առաջիկա նիստերը բոյկոտելու մասին՝ նպատակ ունենալով պարզել, թե ովքեր են այն չորս ընդդիմադիրները, ովքեր փակ քվեարկության ժամանակ, հակառակ պայմանավորվածության, ձայն տվեցին իշխանության թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG