Չնայած «Ազատություն»-ը 2016 թվականի ընթացքում ծայրաստիճան կարիքավոր, անմխիթարական պայմաններում գոյատևող ընտանիքների բազմաթիվ պատմությունների է ականատես եղել, չնայած տնտեսության չափազանց ծանր վիճակին, ինչի գնահատականը տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) անցած տարի հայտարարեց, թե աղքատությունը Հայաստանում շարունակում է կրճատվել: Պաշտոնական թվերով աղքատության ցուցանիշը նվազել է՝ մեկ տարվա ընթացքում 30 տոկոսից հասնելով 29․8 տոկոսի:
Միջազգային կառույցների գնահատմամբ, մինչդեռ, աղքատության պատկերը Հայաստանում շատ ավելի տխուր է: Մասնավորապես, եթե ըստ ԱՎԾ-ի՝ ամսական 41 հազար 698 դրամից ավելի եկամուտ ունեցողը աղքատ համարվել չի կարող, ապա Համաշխարհային բանկի (ՀԲ) ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում 2 միլիոնից ավելի մարդ է աղքատ, քանի որ նրանց ամսական եկամուտը չի գերազանցում 72 հազար դրամը․ ՀԲ-ը որպես չափանիշ վերցրել է օրական 5 դոլար եկամուտը: