Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մայրաքաղաք Անկարայում հանդես է եկել Ամանորի գիշերը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական արյունալի գրոհից հետո իր առաջին հանրային ելույթով:
«Թուրքիան երբեք չի հանձնվի ահաբեկիչներին: Ասել, թե Թուրքիան հանձնվել է, նշանակում է՝ անցնել ահաբեկիչների կողմն ու անդամագրվել ահաբեկչական կազմակերպությանը»,- հայտարարել է Էրդողանը:
Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» ակումբ է ներխուժել Սանտա Կլաուսի հագուստով ահաբեկիչը, ով «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակ է բացել զվարճացող ամբոխի՝ հիմնականում երիտասարդների ուղղությամբ: Այդ գրոհի հետևանքով սպանվել է 39 մարդ, մի քանի տասնյակ այցելուներ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ:
Առաջին հաղորդագրություններում հաղորդվել է ահաբեկչին վնասազերծելու մասին, ավելի ուշ, սակայն, ոստիկանները հայտնել են, որ նա փախուստի մեջ է: Ստացվել են տեղեկություններ այն մասին, որ գրոհն իրականացրել են ղրղըզ ջիհադականները, սակայն, հետագայում դա էլ է հերքվել: Այսօր հաղորդվել է, որ իրավապահները պարզել են գրոհայինների ինքնությունը, բայց ավելի ստույգ տվյալներ չեն հրապարակվում: Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Էրդողանն այսօր հայտարարել է, թե «չնայած 2017 թվականի տխուր մեկնարկին», Թուրքիան շարունակելու է առաջ շարժվել ընտրած ճանապարհով: Էրդողանի խոսքով, գրոհի նպատակն է՝ պառակտում մտցնել, թուրքերին տրամադրել միմյանց դեմ, «սակայն հանրությունն այդ խայծը կուլ չի տա»:
Էրդողանը հավաստիացրել է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդկանց իրավունքներն ու ապրելաոճը չեն սահմանափակվի: «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Թուրքիայում ոչ մեկի կյանքը վտանգված չէ, մենք դա թույլ չենք տա, մեր իշխանության 14 տարիների ընթացքում մենք այդպիսի առիթ չենք տվել, հակառակը պնդողները թող կոնկրետ օրինակներ բերեն»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա պնդմամբ, մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության դարաշրջանը Թուրքիայում եղել են անհանդուրժողականության խայտառակ դրսևորումներ: «Ոչ հեռավոր անցյալում մարդկանց փողոցներում սպանում էին մորուքների կամ հագուստի համար»,- ասել է Էրդողանը:
Մինչ այս պահը Ստամբուլի գրոհի գործով ձերբակալվել է 30 մարդ, որոնցից 5-ը՝ ԻՊ-ի անդամներ: Ոստիկանների փոխանցմամբ, ակումբի գրոհն իրականացրած ահաբեկիչը Թուրքիա է ժամանել Սիրիայից: Թե երբ է նա ժամանել՝ հայտնի չէ, սակայն, կա հստակ տեղեկություն, որ նա անցյալ տարվա նոյեմբերի 22-ին եղել է Կոնայի նահանգում: