Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ «Եթե տղամարդ լինեի, կհայհոյեի պարգևատրողին»


Ձախից՝ Լևոն Երանոսյան, Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պարգևատրումը միանշանակ չի ընդունվել:

Ապտակ հասարակությանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսպես է որակում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պարգևատրումը։ 2016-ի վերջին օրերին նախագահ Սերժ Սարգյանը ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին պարգևատրեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

«Հայտնի է, որ մեր երկիրն իրավական և ժողովրդավարական պետություն չէ։ Եվ ոստիկանությունը ոչ թե հանրային շահերն է պաշտպանում, այլ իշխանության շահը։ Տվյալ դեպքում կարելի է Լյուդովիկոս 14-րդի պես ասել՝ պետությունը ես եմ, և շքանշան տալ նրան, ով իմ շահն է պաշտպանում»,- ասաց Իշխանյանը:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրված բարձրաստիճան ոստիկանն անցած տարի աչքի էր ընկել պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հայհոյելով և ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին սատարողների՝ Սարի թաղի ցույցն ուժով ցրելու հրաման տալով։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, գեներալ-լեյտենանտ Երանոսյանը մեդալ ստանալու համար ոչ մարդկային, ոչ էլ մասնագիտական արժանիքներ չունի։

«Դժվար է բնութագրել պարկեշտ բառերով։ Եթե տղամարդ լինեի, պարգևատրողին պետք է հայհոյեի հրապարակավ։ Պարգևատրողն այն անձն է, ով փորձում է մեր հայրենիքի նկատմամբ սերը փակի տակ դնել, իսկ պարգևատրվողը պարզապես գործիք է»,- «Ազատությանն» ասաց պատգամավորը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, եթե հանրային կարծիքն ավելի ազդեցիկ լիներ, իշխանությունը չէր պարգևատրի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները ղեկավարած և հանրության քննադատությանն արժանացած ոստիկանին։ Իշխանյանը նաև հիշում է՝ երբ Սարի թաղում բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, նաև վնասվածքներ ստացան, Երանոսյանն անժամկետ արձակուրդ ուղարկվեց։

«Հիմնականում իշխանությունն առաջնորդվում է իրեն հավատարիմ լինելով և ըստ դրա է շարժվում։ Եթե անժամկետ արձակուրդ ուղարկեց Երանոսյանին, նշանակում է հասարակական կարծիքը որոշ ժամանակով գործեց, հետո ամեն ինչ մոռացվեց ու եկավ իր տեղը»,- ասաց իրավապաշտպանը:

Հանրապետական Հակոբ Հակոբյանը, մինչդեռ, համակարծիք չէ ոչ իրավապաշտպանի, ոչ էլ Զարուհի Փոստանջյանի ետ։ Ոստիկանության գործը, ըստ նրա, հասարակական կարգի պահպանումն է, ինչն էլ Երանոսյանն արել է հուլիսյան ցույցերը ցրելիս։ Հակոբյանը նաև բացատրում է, թե ինչու է ոստիկանության զորքերի հրամանատարը հայհոյել Զարուհի Փոստանջյանին՝ «Պատգամավոր, կամ մինիստր, կամ քաղաքացի, կամ լրագրող, կապ չունի, եթե կարգ է խախտել»։

«Ազատություն» - Մեր հասարակության մեջ ընդունվա՞ծ է կնոջը հայհոյել:

Հակոբյան - Ոչ:

«Ազատություն» - Բայց պարոն Երանոսյանը հայհոյել է, չէ՞:

Հակոբյան - Դե հիմա, դա իրավական նորմ չէ, բարոյական նորմ է։ Լևոն Երանոսյանը, որպես ոստիկան, իր բոլոր պարտականությունները կատարել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG