Մատչելիության հղումներ

ԼՂ խնդիր, բարձր մակարդակով երկու հանդիպում, այդպես էլ կյանքի չկոչված պայմանավորվածություններ


Գեներալ Լևոն Մնացականյան, ԼՂ ՊԲ գլխավոր հրամանատար

Ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում թեև որոշակի ակտիվություն նկատվեց, սակայն, բանակցություններում, ըստ էության, այդպես էլ առաջընթաց չարձանագրվեց։

Քառօրյա թեժ մարտերից մեկ ամիս անց՝ 2016 թ․ մայիսի 16-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կես տարվա դադարից հետո կրկին նստեցին բանակցային սեղանի շուրջ։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպումման նպատակը ոչ թե կարգավորման բուն բանակցություններն էին, այլ շփումները վերսկսելու փորձ։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատեցին ՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։

Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի միջնորդները նաև հայտարարեցին, որ Սարգսյանն ու Ալիևը հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականապես մշակել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմն ու զգալիորեն ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմն ու լիազորությունների շրջանակը:

Մի քանի ժամ տևած քնարկումներից հետո Սերժ Սարգսյանը Վիեննայում «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ բավարարված է հանդիպման արդյունքներից։ Հայաստան վերադառնալիս, օդանավում տված առավել ծավալուն հարցազրույցում Հայաստանի նախագահը նշեց, որ պաշտոնական Երևանն առաջարկել է մինչև հաջորդ՝ հունիսին նախատեսված հանդիպումը հաստատել հրադադարի պահպանման ԵԱՀԿ-ի մշտադիտարկման մեխանիզմները։ Սերժ Սարգսյանի խոսքով, Ալիևը չէր առարկել, միայն թե Հայաստանի նախագահին դա «հավատ չէր ներշնչել»։

Ի դեպ, այդ հարցազրույցում, Հայաստանի նախագահն առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնեց, թե քառօրյա պատերազմի հետևանքով տարածքային ինչ կորուստներ է ունեցել Լեռնային Ղարաբաղը։

Վիեննայում կայացած հանդիպումից բավարարված էր նաև Ադրբեջանը։ Երկրի ատրգործնախարար էլմար Մամեդյարովը հայտարարեց՝ «բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում»: Բանակցային գործընթացից դուրս մնացած պաշտոնական Ստեփանակերտը նույնպես դժգոհ չէր Վիենայի հանդիպումից։ ԼՂ նախագահի խոսնակն այդ հանդիպումը բանակցությունները վերակենդանացնելու հնարավորություն որակեց, կարևորելով հատկապես սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։

Չնայած հայտարարություններին, Վիեննայի պայմանավորվածություններից կյանքի կոչվեց միայն մեկը՝ մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին հանդիպեցին։ Նախաձեռնությունն այս անգամ Ռուսաստանինն էր, միջնորդն էլ՝ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:

Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ՝ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնության էին եկել նաև այդ հարցի շուրջ։ Այդուհանդերձ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բավականին օգտակար էր։

Ստեփանակերտում սանկտպետերբուրգյան հանդիպումը արդյունավետ որակեցին, իսկ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար «տարիներ են պետք», հայտարարեց ԼՂ նախագահի խոսնակը։

Հունիսի 20-ի սանկտբեպերբուրգյան հանդիպումը նախագահների մակարդակով վերջին էր 2016 -ին։ թեև հայտարարվող նորանոր համաձայնություններին, անցնող տարում ղարաբաղյան կարգավորման բանակցություններն այդպես էլ չվերսկսվեցին: Ավելին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից որևէ մեկը 2016- ին կյանքի չկոչվեց։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն անգամ չհստակեցրին, թե ի վերջո, կարգավորման ի՞նչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին։

Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունեցած՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին կայացած ՀԱԿ համագումարի ընթացքում հայտարարեց, որ բանակցությունների սեղանին դրված է կարգավորման փուլային լուծման տարբերակը, որով նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղին հարակից բոլոր 7 շրջանները, Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի դիմաց։

Օրեր անց առաջին նախագահին հեռակա կարգով հակադարձեց գործող նախագահը։ Արտգործնախարարությունում կայացած ամանորյա ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբևէ որևէ մեկը ճշգրիտ տեղեկություն չի հայտնել բանակցությունների վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերսկսման կամ նախագահների մակարդակով նոր հանդիպման մասին առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրեթե ամեն օր խախտելով հրադադարի ռեժիմը, տարեվերջին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեց նաև Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։ Մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում զոհվեց հայկական բանակի 3 զինծառայող։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական հարձակումների ու կրակակոցների հետևանքով հայկական կողմը 2016 թվականին ունեցավ ավելի քան 150 զոհ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG