Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը հերքում է իր քաղաքացու առնչությունը Ստամբուլի հարձակմանը


Լակխե Մաշրապովի անձնագրի՝ լուսանկարով էջը
Լակխե Մաշրապովի անձնագրի՝ լուսանկարով էջը

Ղրղըզստանի իշխանությունները հերքում են մինչ այսօր շրջանառվող վարկածը, թե Ղրղըզստանի քաղաքացի Լակխե Մաշրապովը առնչություն ունի Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի արդյունքում 39 մարդ է սպանվել:

Որպես հնարավոր կասկածյալ՝ Մաշրապովի անունն ու անձնագրի լուսանկարը հայտնվել էր սոցցանցերում, ինպես նաև թուրքական և իտալական մամուլում:

Ղրղըզստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ռախատ Սուլեյմանովը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ Մաշրապովը հիմա Ղրղըզստանում է, նրան հարցաքննել են Ղրղըզստանի և Թուրքիայի իրավապահները: Սուլեյմանովն ասել է, որ Մաշրապովը գործարար է, ապրում է հարավային Օշի շրջանի Կարա-Սու քաղաքում։ Հունվարի 3-ին Մաշրապովը օդանավով Ստամբուլից ժամանել է Բիշքեկ իր իրական անձնագրով: Թռիչքը մեկ ժամ հետաձգվել է, որովհետև Թուրքիայի ոստիկանությունը մինչ մեկնելու թույլտվություն տալը նրան հարցաքննել է:

Մաշրապովը այսօր ղրղըզական ինտերնետային Turmush գործակալությանը ասել է՝ գաղափար չունի, թե ինչպես է իր անձնագրի լուսանկարը հայտնվել սոցցանցերում:

Թուրքիայի իշխանությունները որոնում են Նոր տարվա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած մարդուն: Շրջանառվող վարկածներում հնարավոր է համարվում, որ հարձակվողը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Հարձակման պատասխանատվությունը, հիշեցնենք, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG