Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը կաջակցի «ընդդիմության համախմբմանը»


Անահիտ Թարխանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Վճռաբեկ դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումը հույսեր է արթնացրել արդեն մոտ կես տարի անազատության մեջ գտնվող, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի մոտ:

Վճռաբեկը վարույթ է ընդունել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Բողոքի քննության հստակ օրը, սակայն, դեռ հայտնի չէ:

«Ընդհանրապես, կալանքի հետ կապված գործերը գրեթե չեն ընդունվում վճռաբեկ դատարանի կողմից: Այս դեպքում դա մեզ համար շատ անսպասելի էր և ինչ-որ հույսեր է ներշնչում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Թարխանյանը:

Այդուահանդերձ, նա շարունակում է պնդել, որ իր ամուսնուն ճաղերի հետևում պահելը քաղաքական որոշման արդյունք է՝ «Բացարձակապես ոչինչ չի փոխվել, իհարկե քաղաքական որոշում է»,- ասում է Ղուկասյանի կինը, նշելով, որ դա հստակ երևում է իրենց պատկանող ռադիոընկերությունների գործունեության պարբերական խոչընդոտների տեսքով:

Հարցին՝ արդյո՞ք ազատության մեջ հայտնվելու դեպքում Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, Անահիտ Թարխանյանը պատասխանեց, թե իր ամուսինը մարտական է տրամադրված և առաջիկա շաբաթներին հանդես կգա հայտարարությամբ: «Դժվարանում եմ ասել՝ որ քաղաքական ուժին ինքը կմիանա, դա կախված է ընդհանուր քաղաքական միջավայրից, բայց այն, որ նա կմասնակցի, դա միանշանակ է»,- ասաց անազատության մեջ գտնվող ակտիվիստի կինը:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի տիկնոջ, այսօր երկրում ստեղծված իրավիճակն, այդուհանդերձ, հույս չի ներշնչում, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար: Նա շեշտում է միայն մեկ գործոն՝ իշխանությունների դեմ ակտիվորեն պայքարողների մի մասն այսօր անազտության մեջ է: «Մի շարք քաղաքական գործիչներ էլ կան, որոնք ունեն հստակ դիրքորոշում և ազատության մեջ են, բայց նրանցից դեռ մեղադրանքը հանված չի: Դա նշանակում է, որ մարդիկ մտնելու են ընտրական պրոցեսի մեջ, բայց բոլորը կախման մեջ են լինելու իշխող ռեժիմից»,- նշում է Անահիտ Թարխանյանը:

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որում, անդրադառնալով գալիք ընտրություններին, հայտարարել է, թե ընտրապայքարի իրեն հասանելի միջոցներով աջակցելու է «ընդդիմության համախմբմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG