Մատչելիության հղումներ

Մխջյան․ Առանց կաշառքի անհնար է անցնել ռուսաստանյան մաքսակետը


Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը, արխիվ:
Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը, արխիվ:

Օրես կլրանա երկրորդ տարին, ինչ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, սակայն հայաստանյան գործարարները շարունակում են բողոքել, թե հնարավոր չէ առանց կաշառքի ապրանք անցկացնել ռուսաստանյան «Վերին Լարս» մաքսակետով, և չնայած այս բողոքներին՝ իրավիճակը չի փոխվում, ու սահմանը անցնելիս ԵՏՄ անդամ Հայաստանի գործարարաները որևէ առավելություն չունեն վրացի, ադրբեջանցի կամ թուրք գործարարաների նկատմամբ:

«Ազատության» հետ զրույցում Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը, ում ընկերությունը նույնպես ապրանք է արտահանումն Ռուսաստան, ասաց․ - «Ինքը՝ ԵՏՄ-ն այսօր առողջանալու կարիք ունի: Այսօր ԵՏՄ-ն չի կարողանում ամենափոքր իր սահմանային կետը կարգավորել: Կաշառակերությունը կերել է իրենց: Այսօր անհնարին է այդ կետերից անցնել՝ առանց կաշառք տալու, առանց չարչարվելու, առանց ներվայնանալու»:

Ռուսաստանի նախաձեռնած միությանը Հայաստանի անդամակցությունից առաջ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Մոսկվայում շարունակաբար հայտարարում էին, թե մուտքը 170 միլիոնանոց շուկա անհամեմատ դյուրին կլինի․ դա վերաբերում էր նաև սահմանը հատելուն:

«Ոչ մի փոփոխություն չկա: Վատից ավելի վատն է: Այսօրվա դրությամբ առանց կաշառքի, առանց ներվային իրավիճակների, հնարավոր չէ Լարսի անցակետը անցնել: Եվ մեր պաշտոնյաները եթե խոսում են այդ մասին, ակնարկում են, ուրեմն լավ չեն խոսում այդ մասին», - ասաց Մխջյանը:

Օրերս լրագրողների հանդիպել էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Չէինք կարող չհարցնել, թե ինչ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը՝ վերջ տալու Ռուսաստանում հայաստանցի գործարարներից, բեռնափոխադրողներից իրականացվող ապօրինի գանձումներին: Ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների ապօրինի գանձումների մասին, հիշեցնենք, այս տարվա հուլիսին բարձրաձայնել էր նաև Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Արծվիկ Միանսյանը:

Վահան Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի կառավարության առջև, և ես բարձրացրել եմ իմ կոլեգայի առաջ: Ես էլ եմ եղել վերջերս Լարսում և Լարսում այդ հարցը բարձրացրել եմ նաև մաքսային կետի պետին, սահմանային կետի ղեկավարներին: Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է: Մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ, բայց, հասկացեք, մենք չեն կարող Ռուսաստանում ինչ-որ մի բան փորձենք մեր միջոցներով փոխենք: Բայց ամեն ինչ անում ենք պետական մակարդակով շփումների մեջ»:

Այս իրավիճակին զուգահեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը մտադիր է առաջիկայում տնտեսական աճ ապահովել նախևառաջ արտահանումների շնորհիվ, ընդ որում՝ կարևոր շուկա է դիտարկվում ռուսաստանյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երկու օր առաջ ներկայացրեց կառավարության ծրագիրը. - «Համախառն ներքին արդյունքում մեր արտահանման ծավալները կազմում են մոտ 30 տոկոս: Իսկ կայուն տնտեսական աճ ապահովելու համար, մենք գտնում ենք, և միջնաժամկետ հատվածում ամբողջ մեր ներուժը կդնենք, որպեզի հասնենք այդ ցուցանիշին, որ արտահանման ծավալները պետք է կազմեն առնվազն 40-50 տոկոս համախառն ներքին արդյունքի մեջ»:

Րաֆֆի Մխջյանն ասաց, որ փորձել է «Վերին Լարսում» ապօրինի գանձումների խնդրին լուծում տալ Եվրասիական տնտեսական միության կառույցների միջոցով, սակայն, դարձյալ, անհաջողության է հասել․ - «Վերջերս ես առիթ ունեցա հանդիպելու Եվրասիական միության խորհրդի ընդհանուր քարտուղարի հետ, և ես այս հարցը իրեն տվեցի, որ այսպիսի իրավիճակ է, ի՞նչ պետք է անել, ո՞ւմ պետք է ասել: Նա ինձ օրինակ բերեց, որ այս ինչ-որ մի ուկրաինացի նախարար խնդիր է ունեցել և այդ խնդիրը լուծելու համար Ռուսաստանի հետ այցելել է որոշակի նախարարություն և հարցերը կաշառքով կարգավորել է: Սա է ճանապարհը ռուսական հարցերը լուծելու: Եթե մերոնք չեն կարողանում խոսքով կարգավորել, թող իրենք էլ կաշառել իրենց ռուս գործընկերներին, որ մեր հարցերը հարթվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG