Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան․ «Ժառանգության» մանիֆեստն ուղղված է բոլորին


Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» ստուդիայում:
Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» ստուդիայում:

Երեկ հրապարակված «իշխանափոխության մանիֆեստի առաջարկով» «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել էր 9 դրույթ, որոնց շուրջ համաձայնության դեպքում հնարավոր կլինի հասնել «ընդդիմադիր ուժերի որևէ դաշինքի»:

Մանիֆեստում թվարկված են հետևյալ դրույթները․ ընտրությունները հաղթելուց հետո բացառել Հանրապետականի որևէ ներկայացուցչի ընգրկումը ազգային համաձայնության կառավարությունում, նոր սահմանադրություն, ընտրական օրեսնգիրք ընդունել և նոր ընտրություններ անցկացնել, մինչ այդ իրականացնել իրական բարեփոխումներ բոլոր ոլորտներում, ազատ արձակել քաղբանտարկյալներին, արդար դատավարություն ապահովել «Սասնա Ծռերի» նկատմամբ, երաշխավորել խոսքի ազատությունը, վերաձևակերպել հարաբերություները բոլոր գերտերությունների հետ, վարել հայրենադարձության քաղաքականություն, երաշխավորել Հայաստան - Արցախ արտաքին և ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները, առանց Արցախի Հանրապետության համաձայնության բացառել որևէ զիջում Ադբեջանին, բացառել նաև որևէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը:​

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ մանիֆեստն ուղղված է բոլորին․ - «Ե՛վ քաղաքական գործընկերներին, և՛ մեր քաղաքացիներին, և՛ մեր կուսակցականներին, բոլորին: Այսինքն, սա «Ժառանգության» մոտեցումն է, իր պատկերացումներն են ապագա գործընթացների հետ կապված՝ կլինի դա դաշինքում մասնակցության դեպքում, որը մեր համար շատ ցանկալի է, և մենք հենց այդ լայն դաշինքի համար ենք պայքարում, կլինի դա, եթե մենք միայնակ մասնակցենք՝ ինչ-որ հանգամանքներից ելնելով, այդ մասնակցության պարագայում»:

Հարցին, թե արդյոք ունեն արձագանքներ մանիֆեստին միանալու առումով, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Մանիֆեստին միանալու խնդիր չենք դրել մենք, և չկա այդպիսի խնդիր: Մենք ընդամենը մեր մոտեցումներն ենք ներկայացրել, և այստեղ էլ կոչ չկա, չէ՞, որ միացեք մեզ կամ եկեք իրար հետ ինչ-որ քայլ կատարենք և այլն: Միանալու խնդիր ո՛չ դրել ենք, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կար: Դուք գիտեք, որ «Ժառանգությունը» լայն ֆորմատով քննարկումների մեջ է: Մենք փորձում ենք այդ լայն ձևաչափը կյանքի կոչել համատեղ ջանքերով՝ մեր գործընկերների հետ միասին: Ուստիև սա մեր պատկերացումներն են, որ մենք հրապարակել ենք, որպեսզի նաև հասարակությունը տեղյակ լինի, թե «Ժառանգությունը» ինչի շուրջ կարող է խոսել»:

Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքը հնարավոր է «բոլոր այն ուժերի, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հետ, ում համար Հայաստանի ինքնիշխանությունը շատ կարևոր է, և ովքեր փորձում են Հայաստանում իրականացնել արմատական բարեփոխումներ»․ - «Այդ ուժերը ոչ միայն պետք է համաձայն լինեն, այդ ուժերի մեջ ևս պետք է տեսնենք, որ կրում են այդ գաղափարները: Որովհետև երբ որ ուղղակի համաձայն են քեզ հետ, կարող է մի պահ չհամաձայնվեն»:

«Ժառանգության» անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, սակայն, նշում է, որ մանիֆեստը ողջ կուսակցության միասնական որոշումը չի արտահայտում, որ այն չի ընդունվել կուսակցության վարչության կողմից: Անձամբ Փոստանջյանը համաձայն չէ մանիֆեստի շատ կետերի հետ:

Արմեն Մարտիորսյանը, մինչդեռ, պնդում է, որ որոշումն ընդունվել է կուսակցության վարչության կողմից:

Հրապարակված մանիֆեստին ընդդիմադիր շատ ուժեր ծանոթ չէին, ուստի այն չմեկնաբանեցին ո՛չ Հայ ազգային կոնգրեսի, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի», ո՛չ «Հայկական վերածննդի», ո՛չ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան»-ից նույնպես չմեկնաբանեցին՝ մատնանշելով այն հակասական տեսակետները, որ կան դրա շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG