Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ Հայաստանի խոշոր հարկատուների կեսից ավելին ստվերային շրջանառություն ունեն


Վարդան Հարությունյան, 29-ը դեկտեմբերի, 2016 թ․

Վարդան Հարությունյանին անհրաժեշտ են «հանուն Հայաստանի» ամսական 50-70 հազար դրամ աշխատավարձի դիմաց աշխատելու պատրաստ երկուս ու կես հազար հարկային տեսուչներ: Նրա խոսքով, նման տեսուչների «մոտիվացիան» հայրենասիրությունն է և երկրում ինչ-որ բան փոխելու ձգտումը:

Հայաստանի խոշոր հարկատուների կեսից ավելին ստվերային հսկայական շրջանառություն ունեն, նրանց պատկանող հարյուրավոր ձեռնարկությունների ստվերային գործունեության հետևանքով տարեկան կտրվածքով պետբյուջե չի վճարվում ավելի քան 42,5 միլիարդ դրամ: Այսօր լրագորղների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Պաշտոնյայի փոխանցմամբ, 521 խոշոր հարկ վճարողներից 296-ի մոտ ստվերը կազմում է գրեթե 50% (48.8%): «Մեր դիտարկման արդյունքում իմ հնչեցրած 296 ձեռնարկություններում ունենք ստվեր, նաև ունենք այդ ստվերի գնահատականը, որը, եթե վարչարարության արդյունքում չստացվի, ապա խիստ միջոցառումների իրականացման միջոցով միանշանակ բերելու ենք հարկային դաշտ»,- ասաց ՊԵԿ-ի ղեկավարը:

«Ազատության» հարցերին՝ ինչպե՞ս կարող էին խոշորագույն հարկատուները տևական ժամանակ այդ չափի ստվերային գործունեություն ծավալել, նաև՝ հաշվի առնելով, որ բացահայտումն արվել է ՊԵԿ-ի նոր նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում՝ արդյո՞ք չկան կոռուպցիոն ռիսկեր՝ կապված ՊԵԿ-ի նախկին ղեկավարության հետ, Հարությունյանը պատասխանեց՝

«Ես թվերը հնչեցրել եմ, պատասխանատու եմ այդ թվերի համար և հասարակության առաջ պարտավորվում եմ հնչեցված թվերը բերել պետական բյուջե: Թե նախկինում ինչ է եղել ՊԵԿ-ում, բերեք թողնենք նախկինին, չանդրադառնանք դրան»: Հիշենենք՝ անցած փետրվարից ՊԵԿ-ը ղեկավարում էր նախագահ Սերժ Սարգսյանի վերհսկողական ծառայությունը մոտ ութ տարի գլխավորած, միլիոնավոր դոլարների նվերներ ստացած Հովհաննես Հովսեփյանը: Մինչ այդ էլ ՊԵԿ-ը ղեկավարում էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ում լրատվամիջոցները հաճախ ներկայացնում էին որպես Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը:

Վարդան Հարությունյանն այսօր նաև հայտարարեց՝ ՊԵԿ-ը մաքրելու է, իր բնութագրմամբ՝ «կաշառակեր ու անառողջ էլեմենտներից»: Բայց ինչպե՞ս է դա նրան հաջողվելու, երբ ՊԵԿ-ի ներկայիս ղեկավարի խոսքով, իրեն անհրաժեշտ են «հանուն Հայաստանի, ամսական 50-70 հազար դրամ աշխատավարձի դիմաց աշխատելու պատրաստ երկուս ու կես հազար տեսուչներ»:

«Հիմա կարող եք հարցնել՝ ո՞րն է մոտիվացիան, ո՞նց եք պատկերացնում 50-70 հազար դրամ աշխատավարձ ստացող հարկային տեսուչի մոտիվացիան: Ես ակնկալում եմ, որ մեր երկրում գտնվելու են 2000 -2500 հայրենասեր մարդիկ, որոնց մոտիվացիան լինելու է երկրում ինչ-որ բան փոխելը, իրենց երեխաների ապագան կերտելը, ոչ թե միայն աշխատավարձ ստանալը»,- ասաց Հարությունյանը:

Հատկանշական է, որ 50-70 հազար դրամ աշխատավարձով հարկային տեսուչ փնտրող ՊԵԿ-ի նախագահն այսօր ընդգծեց՝ իր հարմարավետության հաշվին չի պատրաստվում հրաժարավել բիզնես դասի ավիատոմսերից կամ երթևեկել հեծանիվով: Լրագրողներից մեկի հիշեցմանը՝ մամուլը գրել է, որ Վարդան Հարությունյանը գործողումների է մեկնում բիզնես դասի ավիատոմսերով, ՊԵԿ-ի ղեկավարն արձագանքեց՝ «Ավիատոմսերի հարցն ինձ համար ուղղակի ծիծաղելի է, որովհետև ինձ ճանաչողները, համենայն դեպս, համոզված են՝ ես նոր չի, որ բիզնես դասով եմ թռչում կամ թռչելու եմ:

Ես ուղղակի պատրաստ եմ եղել ընդհանրապես բյուջեի հաշվին չգնալու: Ուղղակի գործառույթները թույլ չեն տվել․․․գործուղումը ձևակերպվել է էկոնոմ դասի տոմսով, տարբերությունը վճարել եմ ես, պատրաստ եմ եղել ամբողջը վճարել: Ուզում են մեկ անգամ ևս հնչեցնել՝ էստեղ գալով ես չեմ փորձում Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ ու սկսել էկոնոմ ավիատոմսով թռչել, որ հասարակությանը դուր գամ: Ոչ, ես բիզնես ավիատոմսով եմ թռչել և թռչելու եմ իմ հաշվին, եթե պետության ընթացակարգերը թույլ կտան: Հեծանիվով, ձիով ման չեմ գալու»:

Հարցրին՝ արդյո՞ք ոչ պատվաբեր է համարում էկոնոմ դասի ավիատոմսով թռչելը կամ հեծանիվով երթևեկելը, բանախոսն այսպես արձագանքեց՝ «Ոչ, ուղղակի եթե ձեզ համար դժվար չէ, գնացեք Կոտայքի մարզի Կոտայք գյուղն ու հարցրեք՝ ես երբվանից սկսած եմ բիզնես ավիատոմսով թռչում: Ոչ, պատվաբեր չի, բայց եթե ես իմ կոմֆորտի համար ուզում եմ թռչել բիզնես դասով, ոչ ոք իրավունք չունի ինձ արգելելու կամ քննադատության թիրախ դարձնելու: Նորմալ երևույթ է՝ ես հնարավորություն ունեմ ոչ բյուջեի հաշվին վճարելու, վճարում եմ, վատ բան եմ անու՞մ»:

Այս տարվա տասնմեկ ամիսներին ՊԵԿ-ը հավաքել է 973,1 միլիարդ դրամ հարկ ու տուրք, ինչը 0,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ ՊԵԿ-ի նախագահի, մինչև տարվա վերջը կհավաքվի ևս շուրջ 100 միլիարդ դրամ հարկ, սակայն, նման ցուցանիշը չի օգնի ամբողջությամբ ապահովել բյուջեի եկամտային մասը: Ինչպես պարզաբանեց Հարությունյանը, նախատեսվածից ցածր տնտեսական աճի պատճառով տարվա կտրվածքով մոտ 60 միլիարդ դրամ պակաս հարկ է հավաքվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG