Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր․ ՀԱՊԿ-ը անպայման պետք է արձագանքի տեղի ունեցածին


ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Տավուշի մարզի սահմանագոտում, որտեղ վաղ առավոտյան դիվերսիոն ներթափանցման փորձ է տեղի ունեցել, մարտերը շարունակվել են մինչև կեսօր, «Ազատությանը» փոխանցեց մարզում գտնվող Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Այս պահին հանգիստ է, իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է: Տեղի է ունեցել իրոք դիվերսիոն ներթափանցման փորձ՝ հայկական սահմանի վրա, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձ», - ասաց Մելիքյանը՝ շարունակելով․ - «Ադրբեջանական դիվերսանտներից մեկի դին գտնվում է մեր դիրքերի մոտակայքում, մեր տարածքում, և ամբողջությամբ մենք ունենք տվյալներ, որ հարձակումը իրականացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»:

«Խուճապային իրավիճակ ընդհանրապես չկա, ժողովուրդը զբաղված է իր առօրյա հոգսերով», - նշեց պատգամավորը:

«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի այդ քայլը՝ հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմից հետո սա առաջին դիվերսիոն փորձն էր, Գագիկ Մելիքյանը հայտարարեց․ - «Սա Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա առաջին փորձն էր, որը հերոսաբար իրոք հետ մղվեց, և մեր զորքերը ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»:

Թե ինչու Ադրբեջանը որոշեց հիմա հենց Տավուշի մարզից, հենց Հայաստանի սահմանների ուղղությամբ հարձակում իրականացնել՝ այդ կապակցությամբ իշխող կուսակցության պատգամավորն ասաց․ - «Կարծում եմ, որ ուղղակի այս պահին փորձեցին նորից մեկ անգամ հիշեցնել իրենց մասին, և բանակցային գործընթացի վրա որևէ ազդեցություն ունենալու նպատակ է, կարծում եմ, սա հետապնդում, հայկական կողմի վրա ճնշում իրականացնելու նպատակով հիմնականում»:

Քանի որ հարձակումը Հայաստանի սահմանի վրա է, Մելիքյանի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է Հայաստանը, «անպայման պետք է արձագանքի տեղի ունեցածին»:

«Սպասենք», - այսպես պատասխանեց հանրապետական պատգամավորը հարցին, թե հաշվի առնելով նախորդ դեպքերը՝ կլինի՞ նման արձագանք, իր կարծիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG