Մատչելիության հղումներ

Բաքուն 100 միլիոն դոլար է հատկացնում «Իսլամիադա»-ին


Ադրբեջան - Բաքվի Օլիմպիական մարզադաշտը, հունիս, 2015թ․
Ադրբեջան - Բաքվի Օլիմպիական մարզադաշտը, հունիս, 2015թ․

Տնտեսական ճգնաժամը չհաղթահարած Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է հատկացնում 2017 թվականի հերթական խոշոր միջոցառումն իրականացնելու համար: Հերթական խոշոր հարվածը ադրբեջանցիների բարեկեցությանը, արձագանքում են տնտեսագետները:

«Իսլամական համերաշխության խաղերին հատկացվում է 100 միլիոն դոլար, գումարների հիմնական մասը նախատեսված է ուղղել խաղերի բացման և փակման արարողություններին, որոնք անցկացվելու են Օլիմպիական մարզադաշտում», - հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:

Իսլամական համերաշխության խաղերը, որոնք հայտնի են նաև որպես «Իսլամիադա», նախատեսված են 2017-ի մայիսին: Խաղերին մասնակցելու համար Բաքու է ժամանելու մոտ 6 հազար մարդ, որից 4 հազարը՝ մարզիկներ:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում 100 միլիոն դոլար հատկացնել իսլամական խաղերի կազմակերպմանը հնարավոր չէ ռացիոնալ քայլ համարել», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում մեկնաբանել է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն: «Եթե հաշվի առնենք երկրի ներկայիս ծանր տնտեսական պայմանները, գործազրկության մակարդակի աճը, այդ ծախսերն, իհարկե, մեծ են: 100 միլիոն դոլարով կարելի է հազարավոր աշխատատեղեր բացել՝ ավելի օգտակար է, քան երկրի հեղինակության համար ծախսելը», - նշում է ադրբեջանցի տնտեսագետը:

Ալիևի վարչակարգի ընդդիմախոսները նկատում են, որ կառավարությունը երկօրյա մարզական խաղերի համար ավելի մեծ գումար է հատկացնում, քան, օրինակ, գիտությանը՝ տարվա կտրվածքով: «Եվ այսքանից հետո ցանկացած անկիրթ ծայրահեղական անպայման գլուխ է բարձրացնելու», - արձագանքում է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին:

«Ես ցնցված եմ 100 միլիոն դոլարի մասին նախարարի հայտարարությունից: Նախկինում վստահեցնում էին, թե մեծ ծախսեր չեն լինելու», - «Ազադլըղ»-ի հետ զրույցում նշում է մարզական փորձագետ Սարխան Մուսաևը:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը ենթադրում էր, որ իսլամական խաղերին հատկացվող գումարները չեն գերազանցի 20 միլիոնը՝ հաշվի առնելով, որ մարզական կառույցներն արդեն պատրաստ են, իսկ եվրոպական խաղերի միջոցառումների վերաբերյալ քննադատությունների տարափից հետո իսլամական խաղերը աչքի չեն ընկնի ճոխությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG