Մատչելիության հղումներ

Երևանի համար էլ նախընտրելի չէր ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ վերլուծաբան


Վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ազատություն TV»-ի եթերում, արխիվ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ պատահականություն չէ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կրկին անգամ Հայաստանը չստանձնեց գլխավոր քարտուղարի պաշտոնը:

«Սա ՀԱՊԿ-ին բնորոշ իրավիճակ է՝ ոչ միայն էդ հարցի վերաբերյալ, այլ ընդհանրապես, և երբ դաշինքը չի կարողանում լուծել գլխավոր քարտուղարի հարց, դա խոսում է հենց դաշինքի որակի, բովանդակության, իրականում դաշինք չլինելու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը՝ հավելելով. - «Որովհետև եթե էդ հարցը չեն կարողանում լուծել արդեն մեկ տարուց ավելի, կարելի է պատկերացնել, թե առավել լուրջ և քաղաքական առավել մեծ կամք պահանջող հարցերում ինչպիսին կլինի»:

Բադալյանի կարծիքով, այստեղ նաև բավականին նուրբ շերտեր կան՝ կապված հենց հատկապես Հայաստանի թեկնածուի հետ: «Եվ նույնիսկ ենթադրում եմ, որ, համենայն դեպս, միարժեք չէ՝ արդյոք Հայաստանն ինքը շատ մեծ ցանկություն ուներ ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը», - նշեց նա:

«Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի հարցը քննարկվում է դեռևս 2015 թվականից, այսինքն՝ առաջին հայտարարությունը եղավ այդ ժամանակ, և փաստացի երրորդ անգամ է արդեն հարցը հետաձգվում, և էստեղ, կարծում եմ, Երևանի համար էլ նախընտրելի չէր ստանձնել էդ պաշտոնը, որը հավելյալ պատասխանատվություն էր Երևանի համար՝ ՀԱՊԿ-ի գործունեության առումով», - ասաց վերլուծաբանը:

«Այսինքն, այս փաստը ձեռնտու է նաև Հայաստանի՞ն», - այս հարցին Բադալյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ՝ այո, որովհետև եթե փորձենք հասկանալ, փորձենք պարզել՝ իսկ ինչ էր տալու էդ պաշտոնը Հայաստանին, եթե չէր փոխելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, օրինակ, Արցախի խնդրում, իսկ Հայաստանը էդ առումով տվյալ պաշտոնը ձեռք բերելով ամենևին չէր ստանձնում լիազորություններ կամ լծակներ՝ փոխելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, և էս առումով Հայաստանը կարող էր նույնիսկ կաշկանդվել էդ պաշտոնի, այսպես ասած, տնօրինմամբ»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում «ոչ հայկական, ոչ դաշնակցային պահվածքի համար, եթե մեղմ բնորոշենք, որովհետև էդ պահվածքը բացարձակ դաշնակցային չլինելով՝ նույնիսկ ադրբեջանամետ է ինչ-որ իմաստով՝ զգալի իմաստով»:

«ՀԱՊԿ-ի գործնականում բոլոր անդամները բավական մեծ ռազմաքաղաքական աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին, և էս իմաստով, երբ Հայաստանը, ունենալով դժգոհություն, նաև ստանձնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչ-որ առումով տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել՝ արդեն Հայաստանը էդ պաշտոնը ունի, և հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց եք դժգոհում, դուք ունեք էդ պաշտոնը, աշխատեք, փոխեք և այլն» - ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG