Մատչելիության հղումներ

2017-ին ակնկալվում է Ռուսաստանի դիրքերի աննախադեպ հզորացում․ ֆրանսիացի քաղաքագետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Փարիզ, 2-ը հոկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Փարիզ, 2-ը հոկտեմբերի, 2015թ․

Atlantico ֆրանսիական վերլուծական կայքն այս օրերին հրապարակում է փորձագետների կանխատեսումները գալիք տարվա կարևոր զարգացումների և միտումների վերաբերյալ: Ֆրանսիացի քաղաքագետ և հրապարակախոս Ալեքսանդր Դել Վալի կարծիքով, 2017-ին կարող ենք դառնալ միջազգային մեծ ասպարեզ Ռուսաստանի վերադարձի և աննախադեպ հզորացման ականատեսը:

«Կարծում եմ, Ռուսաստանը միջազգային ասպարեզում կգրավի ամենաբարձր դիրքը, 2015-ին արդեն սկսվել է վերադարձի ընթացքը»,- ասել է Դել Վալը:

Ռուսները զբաղվում են Սիրիայի մի հատվածը ջիհադականներից մաքրելու հարցով, ինչն ընձեռում է բանակցությունների վրա մեծ ազդեցություն գործելու և սեփական օրակարգը պարտադրելու հնարավորություն:

Սիրիայում անցումային շրջանի հաստատումը հետզհետե դառնում է ավելի իրատեսական, և, ամենայն հավանականությամբ, հենց ռուսներն են այնտեղ վճռորոշ դեր կատարելու:

Բացի այդ, ըստ Դել Վալի, շատ կարևոր տեղաշարժ է Ատլանտյան օվկիանոսից անդին՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը ստանձնելու է Ամերիկայի նախագահի պաշտոնը, ինչը կհանգեցնի արևմտյան երկրների միջև նոր ձևաչափի համաձայնության, որը հավանաբար բարենպաստ կլինի Ռուսաստանի համար:

Ռուսաստանը կհզորանա այն աստիճանի, որ միջազգային ասպարեզում Ամերիկայի հետ կապահովի դիվանագիտական հավասարակշռություն:

Մոսկվայի հետ մերձենալու Թրամփի ձգտումը հիրավի հեղափոխական երևույթ է Ամերիկայի համար: Բացի այդ, նավթի գնաճը կշարունակվի, և դա Ռուսաստանին կտա սարսափելի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն:

Գուցեև կչեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները, դա ոգևորիչ օրինակ կդառնա պատժամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող և ռուսամետ հայացքներով հայտնի Ֆրանսուա Ֆիյոնի համար, ով ունի Ֆրանսիայի նախագահ ընտրվելու հնարավորություն:

«Ուստի, նավթի գնաճը, Սիրիայում վիճակի կտրուկ փոփոխությունը, Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբեռնավորում իրականացնելու Թրամփի և Ֆիյոնի պատրաստակամությունը 2017 թվականը կարող են դարձնել Ռուսաստանի տարի», - նշել է ֆրանսիացի վերլուծաբան Ալեքսանդր Դել Վալը:

Նրա կարծիքով, 2017-ին տեղի կունենա նաև Իրանի դիրքերի հզորացում՝ բայց տարածաշրջանային սահմաններում:

Առեղծված է Չինաստանի պարագան․ ի՞նչ ճանապարհ կընտրի Պեկինը՝ Թրամփի հետ առճակատմա՞ն, թե՞ երկու երկրները հանուն սեփական տնտեսական ու քաղաքական շահերի կհասնեն համաձայնության:

Ֆրանսիացի վերլուծաբանի կարծիքով, 2017 թվականին հնարավոր է հետաքրքիր ևս երկու միտում՝ Հարավային Ամերիկայում կշարունակվի ձախակողմյան ռեժիմների նահանջը, քանի որ 2000-ականներին առաջացած շրջադարձը դեպի ձախ կանգ է առնում, իսկ ամբողջ աշխարհում որոշակիորեն կթուլանա գլոբալիզմի շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG