Մատչելիության հղումներ

Զախարովա. Օբաման ականապատում է Թրամփի վարչակարգի ապագան


ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա, 29 սեպտեմբերի, 2016թ.

Սենատոր ՄքՔեյնի համոզմամբ, Ամերիկան պետք է պահպանի պատժամիջոցները:

Ռուսաստանը խստորեն քննադատել է 2017 թվականի Պենտագոնի ծախսերի մասին Բարաք Օբամայի վավերացրած օրինագիծը: Մոսկվայում համոզված են, որ ԱՄՆ-ի գործող նախագահը միտումնավոր փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի պնդմամբ, Օբամայի թիմը փորձում է ականապատել Թրամփի վարչակարգի ապագան: 2017 թվականին պաշտպանության համար հատկացվելու է 618 միլիարդ 700 միլիոն դոլար: Գործող դեմոկրատ նախագահի վավերացրած օրինագիծը հանրապետականների հսկողության տակ գտնվող Կոնգրեսը դեկտեմբերի սկզբին է ընդունել:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Օբաման ամեն կերպ փորձում է ձախողել ռուս-ամերիկյան կապերի բարելավման հնարավորությունը», - իր այսօրվա հայտարարությունում նշել է Զախարովան և, որպես օրինակ, անդրադարձել է հակաօդային պաշտպանության համակարգի ծախսերի ավելացմանը․ - «Այդպիսով Ամերիկան ցանկանում է խախտել միջուկային հավասարակշռությունը և առավելություններ ստանալ ռազմավարական ասպարեզում»:

ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ, նույն նպատակին է ծառայում նաև «Մագնիտսու օրենքը», որն ընդարձակում է մարդու իրավունքների պաշտպանության համար ամբողջ աշխարհում պատժամիջոցներ սահմանելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները:

«Մարդու իրավունքները չենթարկվող կառավարությունների վրա որպես ճնշում բանեցնելու պատրվակ օգտագործելը Վաշինգթոնի քաղաքականության հին ավանդույթներից մեկն է: Դրա նպատակն է ամերիկյան ոճի դեմոկրատիա պարտադրել ամբողջ մոլորակին», - ասվում է Զախարովայի հայտարարությունում:

Դոնալդ Թրամփը գալիք տարվա հունվարի 20-ին է ստանձնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Իր նախընտրական ելույթներում նա հավաստիացրել է, որ մեծ հարգանք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ և ցանկանում է բարելավել Օբամայի իշխանության օրոք խիստ վատթարացած ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Ճգնաժամն ի հայտ է եկել Ուկրաինայի և Սիրիայի հարցերում երկու երկրների իրարամերժ դիրքորոշումների հետևանքով, ինչին վերջին ամիսներին գումարվել է ամերիկյան ընտրություններին հաքերային հարձակումներով միջամտելու Վաշինգթոնի կողմից Մոսկվային վերագրվող մեղադրանքը:

Զախարովայի խոսքով՝ ամերիկացիները պնդում են, որ Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ի երկրներին, ինչն իրականությանը չի համապատասխանում․ - «Վաշինգթոնում պետք է ի վերջո հասկանան, որ Ռուսաստան վերադառնալու Ղրիմի բնակչության որոշումը ոչ թե այսպես կոչված «ռուսական ագրեսիայի», այլ Կիևում երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանք է, հեղաշրջում, որի հիմնական գաղափարախոսն ու հովանավորը հենց Սպիտակ տան ներկայիՍ վարչակազմն էր»:

Զախարովայի պնդմամբ, Ամերիկայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների երկկողմ շփումների մերժումն Ուկրաինայի հարցով պայմանավորելու համառ ձգտումն առնվազն զարմանք է առաջացնում․ - «Առավել ևս անհասկանալի է, թե ինչպես Ռուսաստանը սպառնում ՆԱՏՕ-ին, երբ հենց ՆԱՏՕ-ն է ընդարձավկում և մոտենում Ռուսաստանի սահմաններին»:

Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգթոնում փորձում են կանխատեսել, թե ինչպիսին կլինի հունվարի 20-ից հետո ընտրյալ նախագահ Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

Պատժամիջոցների վերաբերյալ կանխատեսումներ, ինչպես Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում նշել է հեղինակավոր հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը, չկան․ - «Հայտնի չէ, թե արդյո՞ք ընտրյալ նախագահը կչեղարկի պատժամիջոցները: Համենայն դեպս, որքան տեղյակ եմ, այսօր այդ մասին խոսք չկա: Ես կարծում եմ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը շարունակում է Ղրիմի բռնակցումը և ներխուժումն Արևելյան Ուկրաինա, շարունակում է սպառնալ տարածաշրջանի մնացած երկրներին՝ ով էլ լինի նախագահ, մեր պատասխանը կլինի ուժեղ և նշանակալից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG