Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սաֆարյանը մեղադրյալի աթոռին է «բացառապես քաղաքական պատճառներով»


Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ

Ընդդիմադիր ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր ավարտական ճառում դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին:

Գևորգ Սաֆարյանը 2017 թվականը կդիմավորի ճաղերի հետևում, այդպիսով ազատազրկված մնալով ավելի քան մեկ տարի: Ընդդիմադիր ակտիվիստը եզրափակիչ խոսքով դատարանի առջև հանդես կգա հունվարին: Պաշտպանական ճառում նրա փաստաբանն այսօր արդարացման վճիռ պահանջեց:

«Ես հավատում եմ, որ դուք կկարողանաք այս ակնհայտ անարդարությունը մեկնաբանել ու հասցնել բոլոր այն անձանց, ովքեր որ խառնված են Գևորգ Սաֆարյանի անազատությանը, որպեսզի դատական արդար ակտ կայացվի, որպեսզի արդարացման դատավճիռ լինի, և Գևորգ Սաֆարյանը դատարանի դատավճռով արդարացվի»,- դատարանում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Իր ավարտական խոսքում նա կենտրոնացավ քրեական գործի քաղաքական դրվագների վրա: Ասաց՝ սա պատահական միջադեպ չէ, Գևորգը վերջին տարիներին միայն քաղաքական-հասարակական գործունեությամբ էր զբաղված՝ «Կարևոր է, թե ինչ քաղաքական գործունեությամբ է զբաղվել Գևորգ Սաֆարյանը: Սաֆարյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, նրա քաղաքական գործունեությունն ամբողջովին ուղղված է եղել իշխանություններին պաշտոնաթող անելուն կամ նրանց շուտափույթ հրաժարականին»:

Փաստաբանը հիշեցրեց՝ մինչև տոնածառի հետ կապված հայտնի միջադեպը, Գևորգը բռնությունների է ենթարկվել, որոնց հեղինակները չեն պատժվել: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էլ էր կալանավորվել, այն ժամանակ անգամ իրավապահներն էին մեղադրականում նրա քաղաքական գործունեությունը վկայակոչել:

«Ավելի քաղաքականացված մեղադրանք հնարավոր չէ պատկերացնել: Գևորգ Սաֆարյանին մեղադրանք են առաջադրել, որ նա սադրիչ ելույթներ է ունենում հանրահավաքների ժամանակ, որ նրա ելույթներից մարդիկ ոգևորվում են, ներշնչվում են, ավելի ազատատենչ են դառնում ու ցանկանում են այս իշխանությունների հրաժարականը: Գևորգ Սաֆարյանն այսօր բացառապես դրա համար է նստած մեղադրյալի աթոռին»,- հայտարարեց Սաֆարյանի փաստաբանը:

Մեղադրող դատախազը միջնորդել էր 2,5 տարով ազատազրկել Գևորգ Սաֆարյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով, որ նա Ամանորի գիշերը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Փաստաբանը, մինչդեռ, հակադարձում է՝ որպես ապացույց սեղանին դրված են միայն ոստիկանական ցուցմունքներ: Ոչ բռնության հետքեր կան, ոչ տեսանյութեր:

«Կարո՞ղ էին իրենք [ոստիկանները] այլ ցուցմունքներ տալ, իհարկե չէին կարող: Գեղամ Խաչատրյանի ենթակաները կարո՞ղ էին իրենց հրամանատարի դեմ էնպիսի ցուցմունք տալ, որ իրենց հրամանատարը ենթարկվի քրեական պատասխանատվության: Եթե կարող էին, նշանակում է՝ իրենց ցուցմունքներն արժանահավատ են»,- ասաց փաստաբանը:

Ինքը՝ գործով տուժող ճանաչված ոստիկանն Ամանորին հրապարակ գնալուց առաջ «ֆեյսբուք»-ում գրել էր՝ «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում»: Դատարանի դահլիճում էլ կրկնել էր՝ եռապատիկ է հայհոյել իրեն հայհոյողներին:

Չնայած փաստաբանի՝ արդարացման միջնորդությանը, Գևորգ Սաֆարյանը հեռանալիս հասցրեց փոխանցել՝ բազմաթիվ ընդդիմադիրների դատած Մնացական Մարտիրոսյանի հետ հույսեր չի կապում: Դատական հաջորդ, ամենայն հավանականությամբ՝ վերջին նիստը կկայանա հունվարի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG