Մատչելիության հղումներ

Արդեն երկու տարի է՝ «Ազատության» Բաքվի գրասենյակը չի գործում


Ադրբեջան - Խուզարկությունը «Ազատության» Բաքվի գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2016թ․
Ադրբեջան - Խուզարկությունը «Ազատության» Բաքվի գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2016թ․

Ադրբեջանում վերստին արգելափակված են «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների կայքէջերը: Պատճառն ակնհայտ է՝ դրանք քննադատում են Իլհամ Ալիևի վարչակարգի աշխատանքը, նյութեր են հրապարակում իշխող գերդաստանի դիզած հարստությունների մասին:

Ադրբեջանի կապի նախարարությունը որևէ պարզաբանում չի տալիս: Կայքերը փակ են ու վերջ:

Մինչդեռ, դեկտեմբերյան այս օրերին մի ուրույն «հոբելյան» է՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի իշխանության հրահանգով պատկան գերատեսչությունները փակեցին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն, անվտանգության ծառայություններն աշխատակիցներին վտարեցին գրասենյակից, կալանք դրեցին համակարգիչների, փաստաթղթերի և բանկային հաշվեհամարների վրա:

2014-ի դեկտեմբերին և 2015-ի հունվարին լրագրողներից շատերին կանչել են դատախազություն, հարցաքննել փաստաբանների բացակայությամբ: Աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցվել:

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարությունն Ադրբեջանի իշխանության գործողություններն անվանել է «ապօրինի և կամայական»:

Չնայած աներևակայելի ճնշումներին, «Ազատության» ադրբեջանական ծառայությունը Պրահայի գրասենյակի ջանքերով շարունակել է աշխատանքը:

Այդ բիրտ վերաբերմունքը բնավ անակնկալ չէր, բյուրոն փակելուց երեք շաբաթ առաջ՝ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իրավապահները ձերբակալել էին հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ով բացահայտել է իշխող ռեժիմի աղաղակող ապօրինություններից մի քանիսը, մասնավորապես՝ հրապարակել է հոդվածներ արտասահմանում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ալիևի ազգականների անշարժ գույքի, բիզնեսների և հաշվեհամարների մասին:

Իսմայիլովային հետագայում մեղավոր են ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեջ և դատապարտել են 7․5 տարվա ազատազրկման: Իսմայիլովայի փաստաբանների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ, շինծու մեղադրանքը և դատավարությունը հետապնդել են սոսկ քաղաքական նպատակ՝ ահաբեկել մամուլի աշխատակիցներին, այլախոհներին և իսպառ արմատախիլ անել պետական պրոպագանդային հակասող լրատվության տարածումը:

Այս տարվա մայիսի 25-ին Ադրբեջանի գերագույն դատարանը քննել է Իսմայլովայի վճռաբեկ բողոքը և պատիժը փոխարինել է պայմանական ազատազրկմամբ, ինչից հետո բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր հետաքննող լրագրողն ազատ է արձակվել: Մինչդեռ, «Ռադիո Ազատլիկ»-ի կայքը երկրի տարածքում անհասանելի է մնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG