Մատչելիության հղումներ

Պետերբուրգում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում են մի քանի թեկնածություններ, բայց որոշում դեռ ընդունված չէ:

«Շարունակվում է այս հարցի քննարկումը, կան տարբեր թեկնածուներ, նախագահները կքննարկեն», - Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում «Տասս» գործակալությունը:

2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլայ Բորդյուժան, դեռ մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում կայացվեց 1 տարով երկարացնել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

Երկու ամիս առաջ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին: Արդյո՞ք այս անգամ Հայաստանի ներկայացուցիչը կգլխավորի ՀԱՊԿ-ը, «Ազատության» հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հստակ պատասխան չտվեց:

Պետերբուրգյան հավաքին չի մասնակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մամուլում ավելի վաղ տարածված այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Բելառուսի ղեկավարի բացակայությունը չի խոչընդոտի նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված էին և կուղարկվեն Բելառուս ստորագրման համար, փոխանցում է «Վեդոմոստին»: Պեսկովը նաև նշել է, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին լավ կլինի խոսի բելառուսական կողմը:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը հանդիսացող Բելառուսի ղեկավարը մեկ ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարեց, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG