Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարար․ 2017-ը լինելու է «մշակույթով լեցուն տարի»


Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց թե՛ կատարվածը, թե՛ առաջիկա ծրագրերը:

Ասուլիսի հենց սկզբից անդրադառնալով գրահրատարակչական ոլորտին և գրադարաններին՝ նախարարը շեշտեց, որ նոր նախաձեռնություններ են հանդես բերել՝ փոխելով գրահրատարակչության աջակցության և պետական ֆինանսավորման ամբողջ համակարգը․ - «Եթե նախկինում մենք աջակցում էինք ժամանակակից գրողներին, հրատարակիչներին՝ վճարելով հրատարակվող գրքի արժեքի հիսուն տոկոսը, այսօր մենք փոխել ենք խաղի կանոնները և հրատարակիչներին կամ ժամանակակից գրողներին առաջարկում ենք արդեն հրատարակված գիրքը գնել իրենցից և ոչ թե վաճառել շուկայում, ինչպես նախկին էին անում, այլ պարզապես բաժանել գրադարաններին, դպրոցներին, Սփյուռքում գործող կառույցներին»:

Հաջորդ տարեսկզբից կմեկնարկի հեռուստատեսային մի հաղորդում 5 հրատարակիչների, 30 մտավորականների և 15 գրողների մասնակցությամբ, և ուղիղ եթերում տեղի ունենալիք քննարկման արդյունքում հրատարակիչները կընտրեն այն հեղինակներին, որոնց գրքերը կհրատարակվեն արդեն համաձայն այս նոր սկզբունքների: Ստեղծվելու են նաև նոր տիպի գրադարաններ ու գրախանութներ:

Անդրադառնալով կինոյի ոլորտին, նախարարը շեշտեց, որ կփոխվի կառավարման մոդելը․ - «Ես մտածում եմ, որ պետք է օգտագործել կինոդաշտում այսօր գործող բոլոր արտադրող ընկերությունների ղեկավարների ուժերը»:

«Ազատության» հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Ազգային կինոկենտրոնին և «Հայֆիլմ» կինոստուդիային, նախարարը պատասխանեց․ - «Լուծարվում է կինոկենտրոնը, վերակազմավորվում է: Մենք ստեղծում ենք նոր կառույց կինոկենտրոնի բազայի վրա»:

Ամիրյանը շեշտեց, որ այդ որոշումը կապված չէ Ազգային կինոկենտրոնի աշխատանքի անարդյունավետության, կամ դրա աշխատանքից դժգոհ լինելու հետ․ - «Հարցը դժգոհությունների մեջ չէ, ոչ էլ անարդյունավետության մեջ է: Յուրաքանչյուր գործիքին, յուրաքանչյուր կառույցին պետք է նայել և գնահատական տալ իր ժամանակի մեջ: Իր ժամանակի մեջ կինոկենտրոնը կարևորագույն դերակատություն է ունեցել: Եվ եթե այսպես դիտարկելու լինենք, կինոկենտրոնը կարևորագույն դերակատարություն է ունեցել կինոարտադրության մեջ: Եկել են նոր ժամանակներ, պետք է նորովի նայել ամեն բանի, և մենք փորձում ենք փոխել՝ ստեղծելով նոր մեխանիզմներ, գնահատելով, անշուշտ, նաև անցած ճանապարհը»:

«Հայֆիլմի» վերաբերյալ նախարարը փոխանցեց, որ այն այսօր մասնավորեցման ծրագրի մեջ է․ - «Գտնվում է [Պետական] գույքի կառավարման վարչությունում, և պետք է հայտնվի այդ ցանկերում: Մենք մշակում ենք ներդրումային ծրագիր՝ հաշվելու համար, թե ինչ կարժենա գոնե նկարահանման սրահների մասնաշենքը նորոգելը: Չեմ կարող հիմա բարձրաձայնել թվեր, որովհետև դեռ աշխատանքը ընթացքի մեջ է: Եվ եթե մենք կարողանանք հասկանալ, որ սեփական ներդրումներով, կամ մեր գործընկեր կազմակերպությունների ներդրումներով կարող ենք վերականգնել «Հայֆիլմը» և այնտեղ ինտեգրել կինոարտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններին՝ այդ թվում պետական կառույցներին, և ստեղծենք կինոմիջավայր՝ կինոստուդիան փրկելու համար, մենք, վստահ եղեք, անպայման կգնանք այդ քայլին: Բայց պետք է առաջին հերթին հաշվել»:

Արմեն Ամիրյանը նշեց, որ փոխվել են մոտեցումները նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում վարվող քաղաքականության մեջ․ - «Ինչպես գիտեք, տարեկան մոտ 250 միլիոն դրամ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը: Մենք ունենք 24 հազար պատմամշակութային հուշարձան: Եվ քանի որ գիտակցում ենք, որ այս գումարը չի բավարարելու բոլորին ձեռք մեկնելու, ամրակայելու, նորոգելու, մենք որոշեցինք կենտրոնացնել մի քանի ուղղություններով: 2017 թվականի համար մենք նախատեսել ենք ընդամենը 7 պատմամշակութային հուշարձան հասցնել լիակատար ավարտին»:

2017 թվականին թանգարանների համար կստեղծվեն աուդիո-վիզուալ համակարգեր, կներդրվի միասնական էլեկտրոնային տոմսերի նոր համակարգ, որով աշխարհի ցանկացած կետից կարելի կլինի հայաստանյան թանգարանների, թատրոնների և համերգասրահների տոմսեր պատվիրել:

Նախարարի ընդգծմամբ՝ 2017 թվականից մենք ունենալու ենք նոր տիպի թանգարաններ․ - «Մասնավորապես, Պատմության թանգարանում մենք ունենալու են լեգոյի բաժին և լեգոյի միջոցով մենք անդրադառնալու ենք մեր պատմության տարբեր դրվագների»:

Ամիրյանն ասաց, որ ունենալու ենք նաև նոր՝ Տիկնիկների, Գորգերի և Լուսանկարչության թանգարաններ: Իսկ Սևանում կստեղծվի Ջրասուզակների թանգարան, որտեղ կցուցադրվեն խորհրդային տարիներից մնացած և տարբեր տեղերում պահվող սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի արձանները, որոնց մի մասը կտեղադրվի լճի հատակին, ուստի հարկավոր կլինի հատուկ մասնագետների օգնությամբ սուզվել՝ դրանք դիտելու համար:

«Հատկապես 2017 թվականը խոստանում եմ, որ լինելու է շատ մշակութային, մշակույթով լեցուն տարի: Եվ դա այն մշակույթն է, որը ջերմացնելու է մեր հոգիներն ու սրտերը», - ամփոփեց Արմեն Ամիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG