Ցանկացած նոր բարեփոխում նշանակում է կոռուպցիայի դեմ պայքար, իսկ մեզ մոտ դրանք ձևական բնույթ են կրում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա մասին, այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը:
«Անկախ իմ քաղաքական հայացքներից, եթե փորձենք զուտ մասնագիտական առումով գնահատականներ տալ, իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ոչ մի արտառոց երևույթ չի եղել, բացի նրանից, որ հայտնվել է նոր վարչապետ, նոր կառավարությունով, և կառավարության հինգ կամ վեց նոր դեմքերով և նախկին կառավարության երկու հայտնի դեմքերի բացակայությամբ: Ընդամենը սա է այն, ինչ պետք է արձանագրել, ցավոք սրտի, ոչ ավելին», - նշեց տնտեսագետը:
«Ես համոզված եմ, որ այս կառավարության առջև այդպիսի խնդիր դրված էլ չէ, որ ինքը պետք է ընդհանուր առմամբ քաղաքականություն փոխի», - պարզաբանեց Խաչատրյանը, - «Իր հիմնական նպատակն է նախընտրական այս շրջանում հասարակության մեջ որոշակի փոփոխություն առաջացնի Հանրապետական կուսակցության նկատմամբ վերաբերմունքի առումով»:
Տնտեսագետը հիշեցնում է, որ նոր կառավարության ձևավորման առաջին իսկ օրերից խոսվեց այն մասին, որ տնտեսությունը ծանր վիճակում է՝ ընդգծելով, որ իսկապես՝ տնտեսական առումով կառավարության վիճակը նախանձելի չէ: - «Սա ուղղակի պետք է ընդունել որպես փաստ: Կառավարությունը դրանից ավելին ոչինչ չասաց՝ ինչու է այդպես եղել: Բացի արտաքին պատճառներից, որը հիմնականում կախված է Ռուսաստանի տնտեսական իրավիճակից, որը տրանսֆերտների հետ է կապված կամ միջազգային շուկայում գունավոր մետաղների գներից, բայց իրական պատճառը, որը գտնվում է ներքին շուկայում՝ դրա մասին ոչինչ չասացին: Այսինքն՝ դա վերաբերում է կոռուպցիային, հովանավորչությանը, մրցակցության բացակայությանը: Այս ամենի մասին ոչինչ չխոսելով՝ փորձել քայլեր անել, ուղղակի նշանակում է քայլեր անել հանուն քայլերի», - փաստում է Վահագն Խաչատրյանը: