2017 թվականին ևս Միացյալ Նահանգները կֆինանսավորեն Վրաստանի հետ ռազմական ծրագրերը: Խոսքը, մասնավորաբար, համատեղ զորավարժությունների կազմակերպման մասին է: Դա պարզ դարձավ շաբաթ օրը, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ստորագրեց 2017 թվականի ռազմական բյուջեի նախագիծը` գալիք տարվա պաշտպանական ծախսերը հստակեցնող փաստաթղթին օրենքի ուժ հաղորդելով:
«Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որով ևս մեկ անգամ ընդգծվում է Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների ռազմավարական բնույթը», -մեկնաբանելով Օբամայի որոշումը՝ հայտարարում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Սպիտակ տունը ևս հայտարարությամբ է հանդես եկել` մեկնաբանելով 2017-ին վրաց-ամերիկյան համատեղ ռազմական ծրագրերի հեռանկարները:
«Վրաստանը Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերն է: Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Միացյալ Նահանգները չեն ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը», - նշված էր Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Ամերիկյան ռազմական բյուջեում Վրաստանին վերաբերող կետի առկայությունը վկայում է, որ մեր երկիրը գալիք տարի ևս նշանակալի տեղ կունենա Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգում», - մեկնաբանելով Վաշինգտոնում կայացված որոշումը՝ հայտարարեց Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքով ամերիկյան ռազմական բյուջեում Վրաստանի հիշատակումը նաև Թբիլիսիի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունք է:
«Օրենքի դրույթները հնարավորություն են տալիս Վրաստանին, եվրոպական գործընկեր պետությունների հետ միասին, համատեղ զորավարժություններ կազմակերպել Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև այլ քայլեր իրականացնելով, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Դա թույլ կտա նաև վրացական բանակը մոտեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին` դիմակայելով արդեն առկա և հավանական մարտահրավերներին», - հայտարարում էր Վրաստանի փոխարտգործնախարարը: