Մատչելիության հղումներ

Ասադ. «Հալեպի հաղթանակը շրջադարձային է»


Հալեպի Անսարի թաղամասը, 23 դեկտեմբերի, 2016թ.

Հարձակման հաջրդ թիրախը կարող է Իդլիբը լինել:

Սիրիայի բանակը հայտարարել է, թե ամբողջությամբ հսկողության տակ է վերցրել Հալեպը: Բոլոր զինված ընդդիմադիրները երեկվա դրությամբ արդեն լքել են քաղաքը:

Նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ Հալեպի գրավումը շրջադարձ է Սիրիայում 6 տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում:

«Այս հաղթանակը բեկումնային է»,- ասել են սիրիացի բարձրաստիճան զինվորականները և աջակցության համար շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Իրանին:

Ռուսաստանի օդուժը հարյուրավոր մարտական թռիչքներ է կատարել, իսկ իրանցի շիա-զինյալները ցամաքային գործողություններին են մասնակցել:

Քաղաքի արևմտյան հատվածում, որը պատերազմի ընթացքում մշտապես եղել է Ասադի բանակի հսկողության տակ, ըստ ականատեսների, բնակիչները հաղթական կրակահերթերով և հրավառությամբ, պարերով ու երգերով են տոնում զինված ընդդիմադիրների հեռացումը:

Մարդիկ փողոցներ և հրապարակներ են գալիս Սիրիայի պետական դրոշներով ու նախագահ Ասադի լուսանկարներով:

Զինված ընդդիմությունը խոստովանել է, որ Հալեպում պարտություն է կրել:

«Դա մեծ կորուստ է: Հալեպը հիմա Ռուսաստանի և Իրանի ուժերի հսկողության տակ է»,- ասել է «Ահրար ալ-Շամ» ընդդիմադիր խմբավորման խոսնակ Ահմեդ Քորրա Ալին և հավելել. - «Մենք այս օրը երբեք չենք մոռանա և չենք ների: Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչեր է արել Բաշար Ասադը, թող իմանա, որ նա է ավերել Հալեպը, սպանել և վտարել է մարդկանց, այդ հաղթանակի գինը՝ հալեպցիների արյունն է»:

Բաշար ալ-Ասադն ընդունել է, որ 2011 թվականին սկսված և մոտ 300 հազար մարդու կյանք խլած պատերազմը բնավ չի ավարտվել:

Եվ, այնուամենայնիվ, Հալեպի գրավումն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Բանակը այդպիսով հսկողության տակ է վերցրել Սիրիայի բոլոր հինգ խոշոր քաղաքները՝ Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան և Լաթաքիան:

Սիրիայի պետական հեռուստակայանը և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հայտնել են, որ Հալեպի արևելյան շրջանի փոքրիկ հատվածում ապաստանած բոլոր զինյալները և նրանց ընտանիքների անդամները Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հաստատված հրադադարի շնորհիվ հեռացել են քաղաքից:

Ընդհանուր հաշվով քաղաքից տարհանվել է առնվազն 34 հազար մարդ, այդ թվում ավելի քան 4 հազար զինյալ:

Կարմիր խաչը պնդում է, որ հեռանալու մտադրություն ունեցող բոլոր մարդիկ օգտվել են հրդադարի ընձեռած հնարավորությունից, մինչդեռ, ՄԱԿ-ի տվյալներով, հեռանալու ցանկություն ունեն ևս հազարավոր բնակիչներ և անհրաժեշտ է տալ նրանց այդ հնարավորությունը:

«Տարհանումը ցավոտ և բարդ ընթացք է, մեծ ամբոխներ, վատառողջ մարդիկ, գրեթե զրոյին մոտ ջերմաստիճան, անհրաժեշտ է օգնել նրանց»,- Նյու Յորքում ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը:

Ընդդիմադիրները և նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել են Իդլիբ, ուստի, այդ ավանը կարող է դառնալ սիրիական բանակի հաջորդ թիրախը, մանավանդ, որ Բաշար ալ-Ասադը հավաստիացրել է, որ երկրի բոլոր շրջաններում հետապնդելու է ընդդիմադիրներին:

«Անհրաժեշտ է օգնել տարհանվածներին, հիմա ձմեռ է: Շատերը գնացել են Իդլիբ, որը կարող է մյուս Հալեպը դառնալ»,- ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստրուրան:

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, թե հիմա Սիրիայի բանակն է կրում Հալեպի ավերածության, քաոսի, մարդկանց հանդեպ գազանությունների, սպանդի, սովի մատնելու համար պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG