Մատչելիության հղումներ

Գործարարների համար հավասար պայմաններ ստեղծելու և բարեփոխումներ անելու խոսոտումով Հովիկ Աբրահամյանին փոխարինած «Գազպրոմի» նախկին բարձրաստիճան կառավարիչը այսօր, սակայն, խուսափեց ամփոփել պաշտոնավարման առաջին խորհրդանշական ժամկետը:

Պաշտոնը ստանձնելիս Կարապետյանն անկեղծ էր՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է․ ֊ «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու և՛ սոցիալական լարվածության իջեցմանը ուղղված, և՛ նաև բիզնեսի զարգացման առումով: Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եվ այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:

Նա նաև խոստացավ՝ իր կառավարության ծրագիրը երկու մասից է բաղկացած լինելու․ մոտ ապագայի համար նախատեսված քայլեր և երկարատև զարգացման ռազմավարություն:

Ընդ որում, Կարապետյանի պաշտոնավարումից ավելի քան երեք ամիս անց՝ այսօր Կառավարությունը ստեղծեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որը դեռ նոր պետք է կազմավորվի և կազմավորվելուց հետո անցնի Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակմանը:

Քանի որ այսօր վարչապետը զերժ մնաց ամփոփիչ որևէ խոսք ասելոից, ներկայացնենք երկրի ֆինանսատնտեսական վիճակը բնորոշող պաշտոնական առանցքային թվերը: Ազգային վիճակագրական ծառայությունը երկու օր առաջ հրապարակել էր այս տարվա առաջին տասնմեկ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ընդամենը 0.6 տոկոս աճ: Շարունակում է աճել երկրի պետական պարտքը․ նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի քաղաքացիներն արդեն պարտք էին գրեթե 5.6 միլիարդ դոլար: Տարվա սկզբից պարտքն աճել է ավելի քան կես միլիարդ դոլարով և մինչև տարվա վերջը, ինչպես վերջերս խոստովանեց ֆինանսների նախարարը, կաճի ևս առնվազն կես միլիարդ դոլարով:

Վիճակը մխիթարական չէ նաև հարկահավաքման գործում, հունվար - նոյմբերեին հավաքցել է 974.4 միլարադ դրամ հարկ ու տուրք, ինչը 60.4 միլիարդ դրամով պակաս է այս տարվա պետբյուջեով նախատեսվածից: Փորձագետների պնդմամբ՝ պետական պարտքի ավելացման հիմնական պատճառը, կառավարության անկարողություն է ապահովել հարկային նախատեսված եկամուտները:

Չնայած այս թվերին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր գոհ էր Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքից: «Ազատության» հարցին, թե արդյոք վարչապետին հաջողվել է իրագործել տված խոստումները, Կարայանը պատասխանեց - «Այո, միարժեքորեն: Եվ ոչ միայն ես կարող եմ դա արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրում, որ լուրջ դրական փոփոխություններ կան»։

Չնայած մեր խնդրանքին, Կարայանն այդպես էլ շուկայի նոր խաղացողների, ներդնողների անուններ չտվեց:

Այստեղ կարելի է հիշել բանանի ներկրման աղմկահարույց պատմությունը: Վարչապետ Կարապետյանի, թերևս, ամենավստահելի մարդու՝ «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրենի Վարդան Հարությունյանի կողմից գլխավորած կառույցը՝ Պետկամուտների կոմիտեն, նոյեմբերի 21-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի մի գործարար, ում անունը այդպես էլ չհրապարակվեց, Ռուսաստանից բանան է ներկրել Հայաստան, սակայն սահմանը հատելուց հետո խոչընդոտների է հանդիպել, և միայն կոմիտեի օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների միջամտության արդյունքում է, որ կարողացել է բանանն իրացնել:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ բանանի և մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին: Ուստի շատերը տարօրինակ չհամարեցին, որ իրավապահները այդպես էլ չպարզեցին, թե ովքեր են այդ անհայտ անձինք, որ փորձել են խոչընդոտել բանանի ներկրումը Հայաստանը՝ հատկապես վարչապետ Կարապետյանի հայտարարությունից հետո, թե հետայսու բոլոր գործարարների համար հավասար պայմաններ են ստեղծվելու: Հայտնի չդարձավ նաև՝ ինչո՞ւ այդ գործարարը որոշեց այլևս բանան չներկրել:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանի տնտեսության առջև կանգնած համակարգային խնդիրները շարունակում են մնալ նույն վիճակում․ - «Այս հարյուր օրվա ընթացքում որևիցե էական փոփոխություն տնտեսական կյանքում տեղի չի ունեցել: Եվ չէր էլ կարելի սպասել, որ հարյուր օրվա ընթացքում էական փոփոխություններ կարող են լինել, բայց գոնե իրավիճակային էնպիսի փոփոխություն, որտեղ որ բիզնեսը կզգար, որ իր նկատմամբ վերաբերմունք է փոխվել, բիզնեսը կզգար, որ իսկապես տնտեսական գործունեություն ծավալելու համար հավասար պայմաններ են ստեղծվել, բիզնեսը կզգար, որ իսկապես պետությունը ցանկանում է իր խնդիրները լուծել, չեմ կարծում, որ այդպիսի փոփոխություններ տեղի են ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG