Ասուլիսին, որին մասնակցում էր նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, ոչ միայն ազդարարվեց Համահայկական նվագախմբի հիմնադրման մասին, այլև ներկայացվեցին նվագախմբի առաջիկա ծրագրերը:
«Իհարկե, դեռ աշխատանքները շարունակվում են, որովհետև այս կարճ ժամանակում աշխարհի տարբեր երկրիներից հայերին համախմբելը շատ դժվար է: Յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն երբ լսում են այս գաղափարի մասին, իհարկե արձագանքում են: Եվ մենք այսօրվա դրությամբ հիսուն մասնակից արդեն ունենք, գրանցվել են», - նշեց Սիրունյանը:
Երբ Մշակույթի նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնեց համահայկական նվագախումբ ստեղծելու մտահաղացման մասին, շատերը տարակուսեցին, թե որն է նվագախմբի նպատակը:
Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ Արմեն Ամիրյանն ասաց․ - «Միասնականություն և նորից միասնականություն: Գաղափարի հիմքում ընկած է միասնականության խնդիրը, որպեսզի մենք կարողանանք մեկ նվագախմբի մեջ համախմբենք աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին: Եվ Ապրիլ 24-ը, կարծում եմ, խորհրդանշական է նաև այս առումով, կամ ապրիլյան համերգները, որ Ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած մեր հայրենակիցները, որոնք այսօր տաղանդավոր, հռչակավոր երաժիշտներ են աշխարհով մեկ, իրենց հայրենիքում կարող են և հնարավորություն ունեն համախմբվելու մեկ նվագախմբի մեջ: Ի դեպ, նվագախմբի համերգային ծրագիրը, որ արդեն մոտավորապես պարզ է մեզ համար, բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են՝ սկսած Կոմիտասից մինչև մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործությունները»:
Ռուզան Սիրունյանը տեղեկացրեց, որ արդեն հայտեր են ստացվել 19 երկներում ապրող հայ երաժիշտներից․ - «Պետք է ուրախությամբ ասեմ, որ նույնիսկ մենք ունենք Սիրիայից՝ Դամասկոսից մեկ երաժիշտ, որը նույնպես կմասնակցի: Եվրոպական շատ երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Դանիա: Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից: Ունենք Վրաստանից: Փորձում ենք Պարսկաստանում գտնել այնպիսի հայեր, որոնք կարող են մասնակցել այս ծրագրին»:
Նա հավելեց, որ ոչ բոլոր ցանկացողները կարող են ընդգրվել նվագախմբի կազմի մեջ, քանի որ իրենք ընտրում են աշխարհով մեկ սփռված լավագույն երաժիշտներին, որոնք Հայոց Մեծ եղեռնից հետո 100 տարի անց թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում կայանալիք համերգների շնորհիվ սփռելու են միասնության գաղափարը:
«Թույլ տվել ավելացնել նաև, որ ամեն օր ինչպես տիկին Սիրունյանը, այնպես էլ ես տասնյակ նամակներ, հեռախոսազանգեր ենք ստանում մեր հայրենակից երաժիշտներից, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մեր նվագախմբի աշխատանքներին», - նշեց նախարար Ամիրյանը՝ շարունակելով․ - «Եվ մի հարց ևս, որ պարզաբանման և թերևս հռչակման կարիք ունի, որը ևս համահայկական գաղափարից է ծնվում․ նվագախմբի համերգը ղեկավարելու են երեք դիրիժորներ՝ Էդվարդ Թոփչյան, Կարեն Դուրգարյան և Սերգեյ Սմբատյան»:
Սիրունյանը մանրամասնեց․ - «Ժամանակ առ ժամանակ հավաքվելու են, փորձեր են կատարելու: Քանի որ նրանք պրոֆեսիոնալ մարդիկ են, բնականաբար, 3, 4, 5 փորձը արդեն ամբողջապես բավարար է: Փորձեր են կատարելու և նվագելու են»:
Արմեն Ամիրյանը նշեց, որ երաժիշտներն անվճար են աշխատելու․ - «Ես կարծում եմ, Ապրիլ 24-ի համար մենք իրավունք չունենք վճար պահանջելու, առավել ևս իրավունք չունենք վճար վճարելու»:
Համահայկական միասնական նվագախմբի առաջին համերգները կկայանան Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի ապրիլյան օրերին, և հենց առաջին համերգին Մշակույթի նախարարի պատվերով կհնչի Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին նահատակված զինվորների հիշատակին:
Մշակույթի նախարարը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ․ - «Մեր խորին համոզմամբ, մեր իրականության մեջ պակասում է շատ կարևոր մի բառ՝ շնորհակալություն բառը: Դոկտեմբերի 24-ից սկսած հայտարարում են շնորհակալության շաբաթ, որի հետ զուգորդում են վիրտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ: Մեր կայքէջում, մեր ֆեյսբուքյան էջում նաև հատուկ էջ է բացվում, հատուկ մաս է բացվում, որին կարող եք Ձեր շնորհակալության հայատառ գրառումներն անել: Լավագույն գրառումը կարժանա գլխավոր մրցանակին: Ինչպես նաև կան ոչ-գլխավոր մրցանակներ: Գլխավոր մրցանակը հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսն է»: