Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «ծիծաղելի» է համարում ռուս դեսպանի սպանության հետ կապված՝ Անկարայի պնդումները


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը՝ հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է՝ խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետևում գյուլենական կառույցն է կանգնած»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Չավուշօղլուն Քերիին ասել է, թե այդ կարծիքին է նաև Ռուսաստանը:

Թուրք նախարարի այս պնդումները մտահոգել են պաշտոնական Վաշինգտոնին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Չավուշօղլու-Քերի հեռախոսազրույցը, ասել է՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ զրույցում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի ուղղակի և անուղղակի այն ակնարկների կապակցությամբ, թե իբր այդ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ Գյուլենը շարունակում է գտնվել Միացյալ Նահանգներում: Քիրբին թուրքական կողմի պնդումները ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ դրանք ապացուցող ոչ մի փաստ չկա:

Երկուշաբթի երեկոյան Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը, հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է՝ խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, սակայն, հերքում է իրեն հասցեագրվող մեղադրանքները: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` Գյուլենի ներկայացուցիչ Ալփ Ասլանղողանը ծիծաղելի է որակել թուրքական կողմի պնդումները` նշելով, որ այդ կերպ թուրքական իշխանությունները փորձում են կոծկել անվտանգության միջոցառումների թերությունները: Ասլանդողանը նաև հավելել է, որ Գյուլենը խստորեն դատապարտում է ռուս դեսպանի նկատմամաբ իրականացված հարձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG