Մատչելիության հղումներ

Ընտրիչների կողմից հաստատվելուց հետո, Թրամփն իր առաջին հայտարարություններն է արել


Դոնալդ Թրամփ, արխիվ

Ընտրիչների քվերակությունը բացահայտեց, որ ամեն ինչ հարթ չէ նաև Հիլարի Քլինթոնի ճամբարում: Պարզվեց, որ նախկին պետքարտուղարին «անհավատարիմ» ընտրիչների թիվը կրկնակիից ավելի շատ է:

Երեկ՝ երդմնակալության արարողությունից մեկ ամիս առաջ, Միացյալ Նահանգների Ընտրիչների կոլեգիան պաշտոնապես Դոալդ Թրամփին ընտրեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահ: Հանրապետական միլիարդատերը ստացավ 304 ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն:

Պատմականորեն այս քվեարկությունը միշտ ֆորմալ բնույթ է կրել և երբեք չի փոխել նախագահական ընտրությունների արդյունքը: Այս անգամ, սակայն, այն առանձնահատոկ նշանակություն էր ստացել: Հազարավոր ամերիկացիներ օրեր շարունակ բողոքի ցույցեր էին անում Թրամփի ընտրության դեմ՝ ընտրիչներին հորդորելով այս անգամ խախտել ավանդույթն ու քվեարկել խղճի մտոք:

«Մենք այստեղ ենք, որ չթողնենք՝ Թրամփը դառնա նախագահ, կարծում ենք, որ նա ընդհանրապես չափանիշներին չի համապատասխանում: Կոչ ենք անում ընտրիչներին՝ ձեր ձայնը մի տվեք Թրամփին, նա շահերի բախման մեջ է, Ռուսաստանը լարի վրա խաղացնում է նրան»,- ասում էին ցուցարարները:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջին պահը: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ ընդդիմադիրների կոչերին հետևել ու Թրամփին ձայն չի տվել ընդամենը երկու ընտրիչ: «Ես լսում ու հասկանում էի ընդդիմախոսների կոչերը, սակայն, մենք պարտավոր ենք հետևել այն պատգամին, որն ստացել ենք ժողովրդից նոյեմբերի 8-ի քվերակությամբ»,- «Ռոյթերզ»-ին ասել է Փենսիլվանիայի ընրիչներից մեկը՝ Թինա Փիքեթն ու հավելել՝ «Այս ընտրության հիմքը համաժողովրդական քվեարկությունն է: Ամերիկացիներն ընտրել են, տվել են իրենց ձայնը, ինչի իրավունքն ունեին, և ես այսօր այդ գաղափարն իմ մտքում ունենալով՝ ընտրել եմ նահանգի բնակիչների կամոք»:

Մյուս կողմից, Ընտրիչների կոլեգիայի քվերակությունը բացահայտեց, որ ամեն ինչ հարթ չէ նաև ընդդիմադիր Հիլարի Քլինթոնի ճամբարում: Պարզվեց, որ նախկին պետքարտուղարին «անհավատարիմ» ընտրիչների թիվը կրկնակիից ավելի շատ է: Ընդ որում, չորսն էլ Քլինթոնին ձայն տալու փոխարեն, ընտրել են այս ընտրություններին չմասնակցող թեկնածուների:

«Սա պատմական ու տպավորիչ ընտրական հաղթանակ էր ամերիկյան ժողովդրավարության մեջ»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց Դոնալդ Թրամփը, հավելելով՝ «Սա հնարավոր դարձավ, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ ողջ երկրով մեկ համախմբվեցին ու իրենց աջակցությունը հայտնեցին: Հիմա արդեն մենք կարող ենք նայել պայծառ ապագային: Ես եռանդուն կերպով կաշխատեմ՝ միավորելու մեր երկիրը և կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը: Միասին մենք կրկին հզոր կդաձնենք Ամերիկան»:

Սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ հայտնի ընտրյալ նախագահը նաև «Թվիթեր»-ում է գրառում թողել՝ դարձյալ կոշտ քննադատության ենթարկելով մամուլը: «Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին, հենց նոր պաշտոնապես հաղթեցինք ընտրություններում՝ չնայած աղավաղված ու ոչ ճշգրիտ լրատվամիջոցներին»,- գրել է Թրամփը: Ընտրիչների կոլեգիայի կողմից հաստատվելուց հետո, իր առաջին՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարությունը ևս Թրամփը սոցիալական ցանցի՝ «Թվիթեր»-ի օգնությամբ է տարածել:

«Այսօր մենք ականատես եղանք ահաբեկչական հարձակումների Թուրքիայում, Շվեյցարիայում ու Գերմանիայում: Ընդ որում, վիճակը գնալով վատանում է: Քաղաքակիրթ աշխարհը պետք է փոխի իր մտածողությունը»,- գրել է Թրամփը՝ չմանրամասնելով ասելիքը: Ավելի ուշ նրա անցումային թիմը ոչ միայն դատապարտել է ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում, այլև պնդել, որ այն իրականացրել են ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչները՝ ոտնահարելով քաղաքակիրթ աշխարհակարգի կանոնները:

««Իսլամական պետությունն» ու մյուս իսլամիստ ահաբեկիչները շարունակաբար կոտորում են քրիստոնյաներին՝ իրենց գլոբալ ջիհադի շրջանակներում: Այս ահաբեկիչներն ու նրանց տարածաշրջանային ու միջազգային ցանցերը պետք է ջնջվեն երկրի երեսից: Դա մի նպատակ է, որին մենք կհասնենք մեր բոլոր ազատատենչ դաշնակիցների հետ»,- հայտարարել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG